Զորամասում Թուրքիայի դրոշն իջեցրած անչափահասին սպառնում է մինչև 13 տարվա ազատազրկում (տեսանյութ)
Haber Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում շարունակվում են նախորդ շաբաթվա վերջին դրոշի իջեցման հետ կապված աղմկահարույց դեպքի զարգացումները: Դիարբեքիրի նահանգի Լիջե շրջանում քրդերը բողոքել էին նոր զորամասի կառուցման դեմ, և ակցիայի ժամանակ ցուցարարներից մեկին հաջողվել էր մուտք գործել ռազմաօդային զորամաս, բարձրանալ դրոշակաձողի վրա և իջեցնել Թուրքիայի դրոշը:
Ակցիայի ցրման ժամանակ սպանվել էր երկու քուրդ ցուցարար: Թուրքիայի դրոշի իջեցման գործով ձերբակալվել է 5 մարդ, որոնցից 4-ին ազատ են արձակել: Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան մանրամասնել է, որ կալանքի տակ է մնում 16-ամյա մի երիտասարդ, ով էլ իջեցրել է Թուրքիայի դրոշը:
Դատախազությունը պահանաջել է նրան դատապարտել մինչև 13 տարվա ազատազրկման, որից 3 տարին՝ «դրոշն անարգելու» համար (300.1 հոդվածի խախտում), իսկ 10 տարին՝ «ահաբեկչական կազմակերպության անդամ հանդիսանալու» (314.2 հոդվածի խախտում) համար:
Սակայն երիտասարդը կարող է մեղադրվել նաև «առանց թույլտվության ռազմական արգելված գոտի մուտք գործելու» մեջ, ինչը նշանակում է 332-րդ հոդվածի խախտում: Նման դեպքերում նախատեսված է 2-5 տարվա ազատազրկում:
Նշվում է, որ 1996 թվականին Անկարայում գրանցվել էր Թուրքիայի դրոշն իջեցնելու նմանատիպ դեպք, որն իրականացրած Ֆայսալ Աքջանը դատապարտվել էր 22.5 տարվա ազատազրկման: