Բաժիններ՝

«Դ!եմ եմ»-ի կոչն իշխանություններին. «Սթափվե՛ք» (տեսանյութ, լուսանկարներ)

«Մենք սատարման երթ ենք անցկացնում, ուզում ենք մեր այն ընկերներին, ժողովրդի այն հատվածին, ովքեր ուզում են գրել դիմումներ, բայց ինչ-ինչ պատճառներով, հիմնականում ճնշումների միջոցով (հատկապես պետական աշխատողները) չեն կարողանում, մեր այս քայլով ցույց տալ, որ մենք իրենց կողքին ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Լևոն Զաքարյանը` խոսելով վաղը՝ հունիսի 11-ին, ժամը 19:00-ին կայանալիք «Սատարման երթի» մասին:
Նա նշեց, որ իրենք այս քայլով սատար են կանգնում բնակչության այն հատվածին, ովքեր ուզում ենք դիմումներ գրել կուտակային կենսաթոշակային համակարգում չընդգրկվելու, պարտադիր բաղադրիչից ազատվելու համար, սակայն որոշակի ճնշումների տակ չեն կարողանում:

«Մենք բնակչության այդ հատվածի կողքին ենք մինչև վերջ և շարունակելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ այս հարցը լուծում չի ստացել, մեզ հարցի ներկա լուծումը չի գոհացնում»,- նշեց Լ. Զաքարյանը:

Տեղեկացնենք, որ մի շարք պետական հաստատություններում աշխատակիցները դիմումներ են ներկայացնում՝ կուտակային կենսաթոշակային համակարգում չընդգրկվելու համար, սակայն ղեկավարությունը, հաշվապահությունն այդ դիմումները չի ընդունում: Ավելին, դիմում գրելու դեպքում սպառնում են աշխատանքից ազատել: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրինությունը ևս հաշվապահությանը հրահանգել է աշխատակիցներից դիմումներ չընդունել: Նման երևույթ է տարածված նաև հանրապետության բազմաթիվ դպրոցներում, այն դեպքում, երբ ՀՀ վարչապետի, Սոցիալական ապահովության նախարարի մակարդակով օրերս հրապարակայնորեն՝ տարբեր հարցազրույցներում հայտարարվել է, որ իրավունք չունեն աշխատակիցների դիմումները չընդունել:

dem em1 (2) dem em1 (1) dem em (1)

«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Լևոն Զաքարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մարդիկ դիմում են իրենց՝ ահազանգելով այն ճնշումների, սպառնալիքների մասին, որ կիրառվում են դիմում գրելու դեպքում. «Հիմա եթե ինձնից փաստեր ուզեք, չեմ ասի, քանի որ իրականում մարդիկ շատ են վախենում , բայց առանձին, երբ այդ հնարավորությունը լինում է, շատ անգամ են ասում (ու մենակ ինձ չէ, մեր շատ ընկերներին), որ իրենց ճնշում են: Մենք մեր այդ հայրենակիցներին ասում ենք` մենք ձեր կողքին ենք, պայքարելու ենք մինչև վերջ: Դիմում եմ մեր իշխանություններին, որպեսզի սթափվեն, ուշքի գան և չբռնանան սեփական ժողովրդին»: Ըստ Լ. Զաքարյանի՝ մարդկանց սպառնում են ազատել աշխատանքից շատ հաճախ չեն ընդունում դիմումները:

Հիշեցնենք, որ այսօր «Դ!եմ եմ» նախաձեռնությունը կազմակերպել էր իրազեկման ակցիա, որով կոչ էր անում քաղաքացիներին միանալ իրենց վաղվա երթին:
Ակցիայի մասնակիցները բաժանեցին թռուցիկներ և կոչ արեցին միանալ վաղվա երթին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս