Արմեն Ռուստամյանն՝ իշխանությանը. Իշխանությունն ու ժողովուրդը մեկ նավի մեջ են, մենք չենք ուզում ճոճել նավը
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին իշխանությանը կոչ արեց լուրջ վերաբերվել քառյակի առաջարակություններին և կառուցողական դարձնել իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները: Ռուստամյանը հայտնեց, որ փաստաթուղթն ուղարկվել է նաև ՀՀ վարչապետին ու նախագահին:
«Ակնկալիքը մեծ է, որ կարող ենք քաղաքակիրթ հարաբերությունների նոր սկիզբ դնել: Մեծ է անվստահությունը և սա լավագույն շանսն է, որ այդ անվստահության վերականգնման ուղղությամբ քայլեր կատարվեն: Վստահ ենք, որ դրանք իրատեսական են»,- ասաց Ա.Ռուստամյանը:
Ըստ նրա՝ քառյակը պատրաստ է բանավեճի և արել է ամեն ինչ, որ մեկ անգամ էլ ցույց տան, որ իշխանութունն ու ժողովուրդը մեկ նավի մեջ են. «Մենք չենք ուզում ճոճել նավը: Եթե սրան էլ ականջալուրջ չլինեք, վստահության վերականգնումը չի ստացվի: Իսկ դրա համար խոսքը գործից չպետք է տարբերվի»: