Կարեն Ավագյան. Մեր տարածքային, շրջանային կազմակերպությունների դռները միշտ բաց են
ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին.
«Մայիսի 29-ից հունիսի 1-ը տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հաշվետու հավաքը։ Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը կուսակցության հերթական համագումարներից հետո ավանդաբար ամփոփում է արված աշխատանքները, ուրվագծում առաջիկա անելիքները՝ ելնելով կուսակցության համագումարում նախանշված դրույթներից։
ՀՀԿ ղեկավարությունը մեծ ուշադրության է արժանացնում երիտասարդներին` նրանց ներուժն օգտագործելով բոլոր ոլորտներում՝ կուսակցական ծրագրերում, պետական կառավարման մարմիններում, հանրային աշխատանքներում։
Իսկ ՀՀԿ երիտասարդական պոտենցիալը բավականին հզոր է՝ կուսակցության ավելի քան 30 տոկոսը, մոտ 47 հազար մարդ։ Սրանք զուտ թվեր չեն. 47-հազարանոց կառույցն իր մտավոր կարողություններով, բովանդակային մասնակցությամբ ի զորու է իրականացնել ցանկացած առաքելություն ու հասնել ամենահամարձակ նպատակներին։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հաշվետու հավաքն իր ներկայությամբ պատվեց հանրապետության նախագահը։ Աշխատանքային խմբերում երկրի ղեկավարի մասնակցությամբ քննարկվեցին այսօր Հայաստանին հուզող ամենահրատապ հարցերը։ Երիտասարդ կուսակցականներն անդրադարձան կառավարության ծրագրին, սահմանադրական փոփոխություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրերին իրենց մասնակցության հնարավոր տարբերակներին, արեցին առաջարկներ, կազմվեց համապատասխան աշխատանքային պլան՝ նշված ուղղություններով հստակ քայլեր իրականացնելու համար։
Հաշվետու հավաքի արդյունքներով լիազորված եմ հայտարարել հետևյալը.
Ա. Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամներն ակտիվորեն մասնակցելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։ Մեր կառույցն իր բոլոր ռեսուրսներով պատրաստ է աջակցել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ունեն հետաքրքիր գաղափարներ, սակայն չունեն համապատասխան ռեսուրսներ։ Եթե կլինեն երիտասարդներ, ովքեր կունենան առաջարկներ, կարող են դիմել ՀՀԿ ԵԿ տարածքային կառույցներին, որտեղ կքննարկվեն բարձրացված բոլոր հարցերը։
Բ. Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն այս օրերին քննարկվում է մեր բոլոր կառույցներում՝ ամենահեռավոր գյուղից մինչև Երևան։ Երիտասարդների շրջանում նման քննարկումները ցույց են տալիս, որ հետաքրքրվածություն կա սահմանադրական բարեփոխումների նկատմամբ, և դրանք հեռու չեն այն կենսական օրակարգից, որն առաջարկում է ժողովուրդը։ Եթե կլինեն երիտասարդներ, ովքեր կցանկանան իրենց ձայնը լսելի դարձնել սահմանադրական բարեփոխումների առնչությամբ, մեր տարածքային, շրջանային կազմակերպությունների դռները միշտ բաց են։
Գ. ՀՀԿ երիտասարդական կազմակերպության բոլոր ստորաբաժանումներում գործելու են արագ արձագանքման գրասենյակներ։ Մենք պատրաստ ենք լսել երիտասարդներին հուզող ցանկացած հարց և այն հնչեցնել բոլոր հարթակներում»։