
Սուննի զինյալները գրավել են Մոսուլի արևմտյան հատվածը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սուննի զինյալները գրավել են Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի արևմտյան մասը: «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման անդամները քառօրյա ծանր մարտերից հետո հարկադրել են նահանջել բանակային ստորաբաժանումներին ու ոստիկանությանը:
Նրանք իրենց վերահսկողության տակ են առել Մոսուլի օդանավակայանը, տեղի հեռուստատեսությունն ու կառավարական շենքերը, ինչպես նաև բանտից ազատ են արձակել մինչև 1000 բանտարկյալի: Քիչ է մնացել, որ զինյալների ձեռքում հայտվի Նինվեի նահանգապետ (նահանգի կենտրոնը Մոսուլն է), ով բառացիորեն մի քանի րոպե առաջ է լքել շենքը, որը հայտնվել է զինյալների ձեռքում:
Ականատեսների վկայությամբ՝ քաղաքից խուճապահար փախչում են հազարավոր շիաներ, որոնք հույս չունեն, որ կառավարական զորքերի բարոյալքված զորքերը կարող են պաշտպանել իրենց: Նինվեի իշխանություններն օգնություն են խնդրել Բաղդադից:
Իրաքում՝ Դիյալահում, հուղարկավորման ժամանակ այսօր պայթյուն է գրանցվել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ: Կա նաև 28 վիրավոր: