
Լիտվան «Գազպրոմին» տուգանել է մոտ 50 միլիոն դոլարով

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիտվայի հակամոնոպոլ կարգավորիչը որոշել է «Գազպրոմին» տուգանել 48.4 միլիոն դոլարով՝ կապված երկրի գազային շուկայում մրցունակությանը խոչընդոտներ հարուցելու հետ:
Կառույցում կարծում են, որ ռուսական գազային ընկերությունը խոչընդոտում է տեղական Lietuvos Energija ընկերությանը՝ կապված եվրոպական այլ երկրներից ավելի ցածր գնով գազ գնելու հետ: «Գազպրոմը» Լիտվայի ներքին շուկայի հիմնական գազամատակարարն է:
«Գազպրոմը» գազը վաճառում է տեղական Lietuvos dujos ընկերության միջոցով, որի բաժնետոմսերի 37 տոկոսը պատկանում է նրան: Եվս 39 տոկոսը պատկանում է գերմանական E.ON Ruhrgas ընկերությանը:
Այս տարվա մայիսին Լիտվային հաջողվել էր «Գազպրոմից» ստանալ 20 տոկոսանոց գազային զեղչ: Գազի գինը պաշտոնապես չի հրապարակվել, սակայն ենթադրվում է, որ 1000 խորանարդ մետրի համար այն կազմում է մոտ 370 դոլար: