Վահրամ Բաղդասարյանը՝ Լևոն Զուրաբյանի հայտարարության մասին. Չար մարդու արտահայտություն է
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանի չար ծառից բարի պտուղներ հնարավոր չէ սպասել, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով՝ չար մարդու արտահայտություն է և պետք չէ սպասել, որ նա բարի բան կարող է ասել: Նրա կարծիքով՝ նման հայտարարությունները փչացնում են ներկայացված առաջարկները. «Եթե քառյակը նստել, աշխատել է ու որևէ բանի սպասելիք չունի, թող գնա փողոց ու փողոցում ասի»:
«Կան մարդիկ, որ անընդհատ գիշեր-ցերեկ մտածում են՝ երբ պետք է ձախողվի այս կառավարությունը, որ երկնքից մի խնձոր ընկնի, մենք բռնենք ու գանք իշխանության: Խնձոր բռնելով իշխանության չեն գալիս: Պատրաստենք՝ իրենց առողջ քննադատություններով մենք զգոն լինենք, պատճառաբանված կլինեն, կարող են սահմանադրական ճանապարհով գալ իշխանության: Առաջարկութուններ են անում, բայց ասում են՝ չենք հավատում: Բա ինչի՞ են ժամանակը վատնում: Անընդհատ հայհոյանքներ, անընդհատ լուտանքներ: Մեզ պետք չի իրենց կարծիքը, մեզ համար կարևոր է, թե ժողովուրդն ինչ կմտածի, որ թերությունները վերացնենք: Անձով այս երկրում հարց չի լուծվում: Մեխանիզմներ են պետք: Մենք ուզում ենք, որ ընդդիմությունը լինի քաղաքական, համախմբված»,- ասաց Վ.Բաղդասարյանը:
168.am-ի հարցին, եթե բոլոր առաջարկները իշխանության ծրագրերում կան, ստացվում է, որ ժամանակը անտեղի՞ են վատնել, Վ. Բաղդասարյանը պատասխանեց. «Իրենք կարող է նորից են ցանկանում ամրապնդել, նաև կոնկրետացնել, որ կառավարությունն ավելի զգոն լինի: Ես չեմ ասում, որ տող առ տող արտագրված է: Իմպերատիվ կառավարության ծրագրում կան նույն կետերը»: Նա նշեց, որ քննարկման արդյունքում հիմնավորումները կներկայացվեն և կարող է փոփոխություններ լինեն: