
Ինչո՞ւ քառյակը չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը

Այսօր ոչ իշխանական քառյակը վերջապես հրապարակեց իշխանություններին ուղղված իրենց 12 կետից բաղկացած պահանջ-հայտարարությունը, որում բացակայում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին պահանջը: Հարցին՝ եթե իշխանությունները չիրականացնեն այդ պահանջները՝ քառյակը կպահանջի Ս. Սարգսյանի հրաժարականը, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մեզ համար տաբու հարցեր, տաբու խնդիրներ չկան: Այս փուլում ԲՀԿ-ն իր երեք գործընկերների հետ միասին նպատակահարմար է գտել այս հարցերի ներկայացումը իշխանությանը, որից հետո մենք միասին ժողովրդի հետ կծրագրենք մեր հետագա քայլերը»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ պատասխանեց, թե չեն պահանջում Ս. Սարգսյանի հրաժարականը, քանի որ ՀՅԴ-ն համարում է, որ Սերժ Սարգսյանի հեռացումը երկիրը չի փրկի, «եթե մենք չգիտենք դրանից հետո ինչ համակարգ ենք ունենալու»: Ավելին՝ Ա. Ռուստամյանի խոսքով՝ եթե իշխանությունները չբավարարեն` իրենք նորից կհավաքվեն և կհամաձայնեցնեն իրենց հետագա քայլերը:
Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, թե իշխանափոխությունը պետք է լինի համակարգային, այսինքն՝ պետք է անցկացվեն ազատ և արդար ընտրություններ, իսկ այդ դեպքում, ըստ նրա՝ անձերն արդեն կարևոր չեն: Միաժամանակ նա նշեց, թե հենց այս պահին էլ հնարավոր է իշխանափախություն իրականացնել, քանի որ գործող իշխանությունները սպառված են, դիմադրության ռեսուրներ չունեն. «Մենք կարող էինք դա անել ապրիլին, բայց հենց իշխանության կողմից ձեռնարկած նահանջի քայլերի պատճառով դա խափանվեց»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը: