Բռնաբարության գործով տուժողը դիմում է ԵՄ դեսպաններին՝ Հայաստանի իրավապահներից հույսը կտրելով. hetq.am
hetq.am-ի փոխանցմամբ՝ բռնաբարության գործով տուժող 28-ամյա Հասմիկն (անունը փոխված է) արդեն մի քանի անգամ դիմել է ՀՀ իրավապահ մարմիններին՝ այդ թվում գլխավոր դատախազին եւ ոստիկանապետին, քննության ընթացքում իր եւ հարազատների հանդեպ ճնշում կիրառած, արժանապատվությունն ու ինքնասիրությունը նսեմացրած քննիչներ Ա. Կավեյանին, Կ. Հակոբյանին եւ Վ. Մանուկյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Ոչ դատախազությունը եւ ոչ էլ դատական ատյանները չեն բավարարել տուժող Հասմիկի պահանջը, որի հետեւանքով էլ վերջինս բաց նամակով դիմել է Հայաստանում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Իտալիայի, Լեհաստանի դեսպաններին եւ Եվրոպական խորհրդի Երեւանյան գրասենյակին:
«Հետքն» արդեն գրել է բռնաբարության այս գործի մասին: Մեզ հետ զրույցում տուժող Հասմիկը նշեց, որ բոլոր հնարավոր միջոցները կիրառելու է՝ արդարադատության հասնելու համար. «Ես արդեն հույս չունեմ մեր իրավապահ ու դատական մարմիններից, իշխանություններից եւ նախագահից նույնպես: Դրա համար էլ ստիպված եմ դիմել դեսպանատներին՝ ակնկալելով, որ որեւէ կերպ կկարողանան ազդեցություն ունենալ իմ գործի արդար քննությանը»,- ասաց Հասմիկը:
Բռնաբարության գործով տուժող Հասմիկն իր նամակում գրել է. «Շուրջ երկու տարի է, ինչ ես դիմել եմ ՀՀ իրավապահ մարմիններին, որպեսզի Լ. Ս.-ն, ով իմ նկատմամբ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք, այն է՝ բռնաբարություն, զրկելով ինձ կուսությունից եւ պատճառելով մարմնական վնասվածքներ, որոնք արձանագրվել են դատաբժշկի կողմից, ենթարկվի քրեական պատասխանատվության:
Սակայն, անօրինական գործողություններով վարույթ իրականացնող մարմինները՝ քննիչներ Ա. Կավեյանը, Կ. Հակոբյանը եւ Վ. Մանուկյանը, ինչպես նաեւ նրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազները, համոզված եմ, նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը, պատշաճ կերպով չեն իրականացրել օբյեկտիվ քննություն, ընդհակառակը, գործի քննությունն իրականացվել է ստեղծելով այնպիսի պատկեր, իբր ես եմ իմ գործողություններով դրդել Լ. Ս.-ին, որպեսզի նա իմ հետ ունենա սեռական հարաբերություն: Ավելին, քննիչներ՝ Ա. Կավեյանը եւ Կ. Հակոբյանը քննությունն իրականացնում էին իմ ինքնասիրությունն ու արժանապատվությունը նսեմացնելու եղանակով, որպեսզի ես ստիպված հրաժարվեմ բողոքներ ներկայացնելուց…»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ hetq.am-ի