Ոչ իշխանական քառյակը ներկայացրեց իր 12 պահանջը
Այս պահին ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները համատեղ ասուլիսում հրապարակային ստորագրում են ՀՀ իշխանություններին ուղղված 12 կետից բաղկացած իրենց պահանջագիրը, որի կատարման վերջնաժամկետը սահմանել են մինչև 2014թ. սեպտեմբերի վերջը: Դրանից հետո, ինչպես նշեցին նրանք՝ իրենք համատեղ հանրահավաք կանցկացնեն և կքննարկեն իրենց պահանջների կատարման ընթացքը:
Ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված պահանջների թվում են՝ հրաժարվել պարտադիր կուտակային համակարգից՝ խթանելով կամավոր համակարգի սկզբունքը, արագաչափերի, տեսանկարահանող սարքերի, կարմիր գծերի տուգանքների չափը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 10 տոկոսը, իսկ այդ տուգանքներից գանձվող գումարները պետք է ուղղվեն համայնքային բյուջեներ: Ոչ իշխանական ուժերն իշխանություններից պահանջում են նաև վճարել «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձերը, և կազմել գործարանի վերագործարկման կարգը: Պահանջների թվում է նաև 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու մասին հարցը, ինչպես նաև՝ պահանջում են, որպեսզի ընտրություններից հետո երկու օրվա ընթացքում հրապարակվեն ընտրողների ցուցակները:
Ոչ իշխանական ուժերը նաև կոչ են անուն իշխանություններին չստորագրել որևէ միջազգային պայմանագիր կամ փաստաթուղթ, որով կխաթարվի ՀՀ-ի և ԼՂ-ի միջև հաստատված հարաբերությունների ներկա համակարգը, այդ թվում՝ տնտեսական մասով:
Նաև կոչ են անուն իշխանություններին ընդունել ընդդիմության մասին օրենք, որով ընդդիմությանը կվերապահվեն վերահսկողական ֆունկցիաներ:
Նաև պահանջում են իշխանություններից երեք անգամ իջեցնել շրջանառության հարկի ներքին շեմը՝ տարեկան 58 մլն դրամից դարձնելով 150 մլն դրամ: Ոչ իշխանական ուժերը նաև պահանջում են կրկնապատկել գյուղացիական տնտեսությանն ուղղվող սուբսիդիաների չափը և այն տալ գյուղացիական տնտեսություններին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան այն անմիջականորեն տնօրինել: