ԱՄՆ-ի գրախանութներում այսօր վաճառքի է հանվել Հիլարի Քլինթոնի նոր հուշագիրքը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի գրախանութներում այսօր վաճառքի են հանվել Հիլարի Քլինթոնի նոր հուշերը՝ Hard Choices («Բարդ ընտրությունները»): Գիրքը պատմում է Քլինթոնի կյանքում ու քաղաքական կարիերայի ժամանակ նրա ընդունած բարդ որոշումների մասին:
2009-2013 թվականներին ԱՄՆ պետքարտուղար, ավելի վաղ ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնն իր գրեթե 600 էջանոց գրքում նշել է, որ ողջ կյանքի ընթացքում մարդկանց առջև ծառանում են բարդ այլընտրանքներ, և որ ողջ կյանքը բաղկացած է բարդ որոշումներից:
Վերլուծաբաններն ու լրագրողները, որոնց հաջողվել է նախքան գրքի պաշտոնական հրատարակումը, ծանոթանալ նրա բովանդակության հետ, զգուշացրել են, որ պետք չէ սենսացիաներ որոնել գրքում:
Հիլարի Քլինթոնը հուշագիրք է հրատարակում երկրորդ անգամ: 2003 թվականին հրատարակվել է նրա Living History («Կենդանի պատմություն») հուշագիրքը: Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Նյու Յորքի սենատորի պաշտոնը: Չի բացառվում, որ Հիլարի Քլինթոնը կդառնա ԱՄՆ-ի հաջորդ նախագահ: