
«Ուկրաինա-ՌԴ-ԵՄ» ձևաչափով գազային բանակցություններն ավարտվել են անարդյունք

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Բրյուսելում անցկացվել է «Ուկրաինա-ՌԴ-ԵՄ» եռակողմ ձևաչափով գազային բանակցությունների հինգերորդ փուլը, որը տևել է 7.5 ժամ:
Բանակցություններն ավարտվել են առանց կոնկրետ արդյունքի և կշարունակվեն մինչև այս երեկոյան կամ վաղն առավոտյան: Այս մասին բանակցությունների ավարտից հետո հայտարարել է էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերը:
Նրա խոսքերով՝ բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են գազի գնի տարբեր ասպեկտներ՝ հաշվի առնելով շուկայական գներն ու այլ կողմեր: Կողմերը պայմանավորվել են, որ աշխատելու են այն ուղղությամբ, որպեսզի կանխեն իրադարձությունների սխալ զարգացումը:
Ռուսաստանի էներգետիկայի նախարարար Ալեքսանդր Նովակն իր հերթին բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ «Ուկրաինայի Նավթոգազը» պետք է մարի 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին իրականացված մատակարարումներից գոյացած 1.45 միլիարդ դոլարի պարտքը, ինչպես նաև մասնակի մարի 2014 թավականի ապրիլ-մայիսի մատակարարումների դիմաց՝ 500 միլիոն դոլար:
Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Յուրի Պռոդանը հայտարարել է, որ իրենք շարունակում են պնդել, որ 1000 խորանարդ մետր ռուսական գազի գինը մնա 268 դոլար: