Ստեփան Գրիգորյան. Մեզ մայիսի 29-ին տշեցին այնտեղից, բայց մենք նորից ասում ենք` ուզում ենք մտնել
«Երբ դու ինչ-որ մի երկրի ձեռքն ես տալիս քո անվտանգության, տնտեսական, առևտրի ողջ համակարգը, դրանից հետո այդ մեկն ինչ ուզում` անում է, և դու այլևս հետաքրքիր չես նրա համար: Դրա վկան մայիսի 29-ինն էր: Հիմա այնպես ստացվեց, որ այնտեղ, որտեղ սպասում էինք, թե կպաշտպանվի Ղարաբաղը, ի լուր աշխարհի հայտարարեցին` եթե մտնում եք Եվրասիական միություն, առանց Ղարաբաղի պետք է մտնեք: Կներեք, դա մեզ համար ուղղակի կործանարար է»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Խոսելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման հարցի շուրջ` Գրիգորյանը նշեց` եթե Լեռնային Ղարաբաղի Հայաստանի հետ միասին միանար այդ կառույցին, Հայաստանի անդամակցությունն իմաստ կունենար, բայց եթե Ղարաբաղը չի միանում, մենք այնտեղ անելիք չունենք: Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետ կարող է դրվել, քանի որ Մոսկվան այժմ փորձում է սիրաշահել Ադրբեջանին: Վերջինը, Ս. Գրիգորյանի կարծիքով, Ռուսաստանին «տալու բան ունի»` ի տարբերություն Հայաստանի, իսկ Հայաստանը այլևս հետաքրքիր չի Ռուսաստանի համար, որովհետև Ռուսաստանին է հանձնել իր վերջին խաղաքարտը. «Մեզ մայիսի 29-ին տշեցին այնտեղից, բայց մենք նորից ասում ենք` ուզում ենք մտնել, դրանից հետո պարզ է, որ դու այլևս արժեք չունես»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: