
Լեյլա Յունուսը հայտարարել է Բռնությունների դեմ կենտրոնի ստեղծման մասին

Azadliq.info-ի փոխանցմամբ՝ Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսն այսօր մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ հայտարարել է իր ղեկավարած ինստիտուտին կից Բռնությունների դեմ կենտրոնի ստեղծման մասին:
Լեյլա Յունուսը կենտրոնի ստեղծումը բացատրել է «պաշտպանությունից հարձակման անցնելու» անհրաժեշտությամբ՝ ի հակակշիռ իշխանությունների ճնշման: Յունուսն ընդգծել է, որ օրեր առաջ Բաքվում ԵՄ-ի ներկայացուցչության հետ հանդիպման ժամանակ Իրավապաշտպան կազմակերպությունների մոնիթորինգային խմբի անդամները ԵՄ-ին կոչ են արել երկխոսության հասնել իշխանության ու քաղաքացիական հասարակության միջև:
Յունուսը հիշեցրել է, որ նախկինում նման երկխոսությունը տվել է իր արդյունքները, և խնդիրները ժամանակավորապես լուծվել են: Յունուսի խոսքերով՝ ներկայումս քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ օգտագործում են պարտվողական մարտավարություն, ինչը ճիշտ չէ:
Յունուսը կարծում է, որ քաղաքացիական հասարակությունը պետք է պահանջի իր սահմանադրական իրավունքների ու ազատությունների պահպանում և չպետք է նահանջի իշխանության ճնշման ներքո: Յունուսի տվյալներով՝ Ադրբեջանում հաշվվում է 130 քաղբանտարկյալ: