Իրանի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչներն առանձին հանդիպում կանցկացնեն Ժնևում
BBC-ի փոխանցմամբ` Իրանի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները երկուշաբթի կհանդիպեն Ժնևում, ինչը կնախորդի Իրանի միջուկային ծրագրի շուրջ այդ երկրի ու «Վեցյակի» միջև բանակցային հերթական փուլին:
Ակնկալվում է, որ բանակցությունների նպատակով Ժնև կժամանի ԱՄՆ պետքարտուղարի` քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բեռնսը և ԱՄՆ փոխպետքարտուղար Ուենդի Շերմանը: ԵՄ-ի ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Ժնևում ԱՄՆ-ի ու Իրանի բանակցություններին կմիանա հունիսի 9-10-ին:
Իրանը հունիսի 11-12-ին Հռոմում առանձին հանդիպում է անցկացնելու նաև Ռուսաստանի հետ` կապված իր միջուկային ծրագրի հետ: Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային նոր փուլը մեկնարկելու է հունիսի 16-ին: Կողմերը պլանավորել են համապարփակ համաձայնագրի կնքմանը հասնել սահմանված ժամկետում` մինչև հուլիսի 20-ը:
Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային նախորդ փուլն անցկացվել էր մայիսին և ավարտվել էր անարդյունք: Այն ժամանակ կողմերը միմյանց մեղադրել էին անիրատեսական պահանջներ առաջ քաշելու մեջ: