Իրաքում զինված բախումների ու հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 56 մարդ
Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ` երեկ Իրաքի տարածքում գրանցվել են մի շարք զինված բախումներ ու հարձակումներ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 56 և վիրավորվել է 91 մարդ: Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:
Բաղդադի ոստիկանության հաղորդմամբ` հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Բաղդադում պայթեցվել է 6 ավտոմեքենա, ինչպես նաև 1 ճանապարհային ական: Դրա հետևանքով զոհվել է առնվազն 20 և վիրավորվել է 80 մարդ:
Բաղդադից 200 կիլոմետր դեպի հյուսիս ընկած Բայջի քաղաքում հարձակում է իրականացվել ռազմական պարեկների վրա, ինչի հետևանքով զոհվել է 4 զինվոր: Եվս 1 զինծառայող ու 1 խաղաղ բնակիչ վիրավորվել է:
Իրաքի արևմուտքում ընկած Անբար նահանգում անվտանգության ուժերին հաջողվել է տիրել համալսարանի շենքին, որը նույն օրը գրավել էին զինյալները և պատանդ վերցրել ուսանողներին ու դասախոսներին: Փոխհրաձգության ժամանակ սպանվել է առնվազն 9 զինյալ:
ՄԱԿ-ի տվյալներով` 2013 թվականին Իրաքում ահաբեկչական հարձակումների ու բռնության ակտերի հետևանքով զոհվել է 8868 մարդ, որից 7818-ը խաղաղ բնակիչներ են: Վիրավորվել է ավելի քան 18.000 մարդ: Այդ ցուցանիշները ռեկորդային են վերջին տարիների համար: