Բաժիններ՝

Յանուկովիչը թալանել է Դոնբասը, իսկ այժմ ֆինանսավորում է ահաբեկիչներին. Պորոշենկո

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է մեծ ուշադրություն դարձնել Դոնբասին և նրա բնակիչներին երկխոսության կոչ է արել: Պորոշենկոն ընդգծել է, որ նախագահական ընտրությունները վերջ դրեցին ուկրաինական իշխանությունների` իբրև թե ոչ լեգետիտիմ լինելու մասին խոսակցություններին:

Նա ընդգծել է, որ այդ միֆը տարածել են ռուսական քարոզչամեքենան ու նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կլանը, որը դավաճանել է Դոնբասին, այն թալանել է ավելի շատ, քան ողջ երկիրն ընդհանրապես. «Նա 17 տարի լիակատար իշխել է Դոնեցկում, իսկ այժմ ֆինանսավորում է ահաբեկիչներին:

Հենց նա է պատասխանատու այն քաղաքական ու սոցիալ-տնտեսական իրավիճակի համար, որը ներկայումս ստեղծվել է տարածաշրջանում. և´ գործազրկության, և´ բիզնեսի, և´ փախստականների, և´ քաղաքացիների սպանության ու մայրերի արցունքների համար»:

Պորոշենկոն խոստացել է մոտ ժամանակներս խաղաղության ու կոնկրետ պլանով ժամանել Դոնբաս: Այդ պլանն առնչվելու է իշխանության ապակենտրոնացման , տարածաշրջանում ռուսերենի ազատ կիրառման, լայն համաներման մասին երաշխիքներին: Պորոշենկոն Դոնբասին խոստացել է նոր աշխատատեղեր ու ներդրումներ:

Պորոշենկոն առաջարկել է Դոնբասում անցկացնել վաղաժամ ՏԻՄ ընտրություններ. «Մեզ անհրաժեշտ է երկխոսության գծով լեգիտիմ գործընկեր, մենք չենք երկխոսի բանդաների հետ: Մենք պատրաստ ենք Դոնբասում հայտարարել վաղաժամ ՏԻՄ ընտրություններ` երկխոսության գծով գործընկեր ձևավորելու համար»:

Ապրիլի 15-ից Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում իրականացվում է հակաահաբեկչական գործողություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս