
Էրդողանի նկատմամբ մահափո՞րձ է իրականացվել Ստամբուլում

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` բացահայտվել է վարչապետ Ռեջեփ Էրդողանի դեմ պլանավորված հերթական մահափորձը: Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Ստամբուլում` Սուլթանգազիի քաղաքային շենքի բացման արարողակարգի ժամանակ:
Տվյալ արարողակարգից հետո վարչապետի ավտոշարասյունը սկսել է դանդաղ ընթանալ ամբոխի միջով, և պահապան ոստիկաններն այդ պահին ամբոխի մեջ ֆիքսել են զինված մարդու:
Երբ ոստիկանները նետվել են նրա վրա, անհայտ անձն իր ատրճանակը նետել է Էրդողանի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչից հետո նրան ձերբակալել են երեք ոստիկաններ և տարել ոստիկանատուն:
Հաղորդվել է, որ 32-ամյա ձերբակալված F.Y.-ը կապված չէ որևէ կազմակերպության հետ: Հարցաքննման ժամանակ նա հայտարարել է, որ մտադիր չի եղել սպանել վարչապետին, փոխարենը ցանկացել է վախեցնել նրան: