
Պուտինը սպառնացել է կրճատել Եվրոպային գազի մատակարարումը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է կրճատել գազի մատակարումը Եվրոպա, եթե Ուկրաինան իրականացնի գազի ռևերսային մատակարարումներ:
Պուտինն այդ մասին հայտարարել է իր ֆրանսիական այցի արդյունքներով, որի շրջանակներում նա հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի առաջնորդների, ինչպես նաև Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:
Պուտինն ընդգծել է, որ կան շատ մեծ ռիսկեր, և եթե որևէ մեկը ցանկանում է Ուկրաինայի էներգոմատակարարման հարցը լուծել ռևերսային մատակարարումների հիման վրա, ապա նա սխալվում է: Պուտինը հավելել է, որ պայմանագրերի խախտման դեպքում Ռուսաստանը կնվազեցնի եվրոպական շուկա գազի մատակարարման ծավալը:
Պուտինը հայտարարել է, որ իրենք պատրաստ են ընդառաջ գնալ ուկրաինական կողմին` գազային պարտքերի մարման դեպքում: Պուտինը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս վերջակետ կդրվի այդ հարցին: