
Ռուսաստանը կորոշի Ղարաբաղի ճակատագիրը

«Լեռնային Ղարաբաղը վաղուց առևտրի առարկա է դարձել Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը: Ըստ նրա, Աստանայի միջադեպը և Ղազախստանի նախագահ Նազարբաևի հայտարարությունը ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի մասին էր, ուստի, մինչև պարզ չլինի Ադրբեջանի անդամակցության հարցը Եվրասիական միությանը, Հայաստանի անդամակցությունը պետք է հետաձգվի: Դանիելյանի կարծիքով` հենց այս հարցում Ղարաբաղը կարող է դառնալ առևտրի առարկա, եթե Ադրբեջանը գնա Ռուսաստանի հետ մերձեցման:
«Ժամանակին մենք ամբողջ լրջությամբ չգնահատեցինք Զորի Բալայանի հայտնի նամակը: Զորի Բալայանը Հայաստանում ոչինչ չի նշանակում, սակայն Ադրբեջանում նա ընկալվում է` որպես ղարաբաղյան շարժման խորհրդանիշ, հայկական ազգայնականության հայր (…) Եվ ռուս-ադրբեջանական առևտրի ընթացքում այդ «խորհրդանիշը» բաց նամակ է գրում, որտեղ, ըստ էության, ասում է, որ Ղարաբաղը Ռուսաստանինն է, այսինքն` Ռուսաստանը կորոշի Ղարաբաղի ճակատագիրը: Սա ռուսական կողմի համար շատ կարևոր խաղաքարտ էր, որպեսզի ադրբեջանցիներին ասեն, որ Ղարաբաղի հարցի շուրջ տեղի ունեցող առևտուրն իրենց հետ է պետք անել»,- նշեց Ս. Դանիելյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: