Ազատ Արշակյան. «Քրեական աշխարհը ինքնասպանության է գնում՝ ունենալով նման ներկայացուցիչներ իշխանությունում» (տեսանյութ)

«Ազգային ժողովում ակնհայտորեն քրեական տարրեր կան և նրանք ցուցադրում են իրենք իրենց, ու դա մի տեսակ դառնում է հակաքարոզչություն: Այսինքն՝ քրեական աշխարհը ինքնասպանության է գնում՝ ունենալով նման ներկայացուցիչներ իշխանությունում: Ես կարծում եմ՝ առաջիկայում աճ կլինի. քաղաքակրթվում է Հայաստանի ժողովրդավարական պետությունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Ա. Արշակյանի համոզմամբ՝ հեղինակությունների ազդեցությունը քաղաքական կյանքի վրա շատ մեծ է. «Այդ ազդեցության պատճառներ կան: Ազդեցության պատճառներից մեկը նա է, որ անցումը շատ մեծ է: Նախկին ոստիկանապետը քրեականի վարքագիծ ունի, քրեականի մտածելակերպ ունի: Մենք դա համարում ենք քրեական, երբ ասում է՝ այո, ես էլ, եթե իմ կնոջ ներկայությամբ ինձ հայհոյեն, ես ինքնադատաստան կտեսնեմ:

Նա արդեն ուսադիրները պետք է կորցներ: Բայց՝ ելնենք նրանից, որ սելեկցիա է գնացել կադրերը ընտրելու ժամանակ: Ովքե՞ր էին ներգրավվում իրավապահ մարմիններում: Այդ սելեկցիայի ժամանակ բացասական հակումները ավելի շատ էին հաշվի առնվում քաղաքացիական պատրաստակամությունը եւ ինտելեկտը երկրորդական էին: Մարդը պետք է հավատարիմ լիներ իշխանությանը»:

Հոգեբան Սամվել Խուդայանը հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկներում շատ հոգեբաններ աշխատում են կալանավորների հետ. «Ես շատ եմ զրուցել նաեւ հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ: Տեսնում ես՝ ինչպիսի ներհոգեկան կոնֆլիկտներ կան, ինչպիսի մեղքի զգացում կա: Շատերի մոտ կարելի է ինքնաոչնչացման ծրագիր բացահայտել: Եվ այն, ինչ անում է, նա անում է ինքն իրեն պատժելու համար, ոչնչացնելու համար: Զուտ շահը չէ. գնաց գողություն արեց, բան արեց, գնաց նստեց: Չէ, նա անում է, շատ դեպքերում էլ հետքը թողնում է, որ գան բռնեն: Եվ պատժից ինքն իրեն լավ է զգում: Պսիխոպատիան շատ շատերի մոտ է: Պսիխոպատիան հիվանդագին բնավորությունն է: Հատկապես այդ պայթյունային տիպը պսիխոպատիայի շատ բնորոշ է հանցագործ աշխարհի ներկայացուցիչներին»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս