ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել հարգել իր միջազգային պարտավորությունները

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը հերթական անգամ Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել հարգել ազատ հանրահավաքներ անցկացնելու ու ազատ արտահայտվելու ոլորտներում ստանձնած սեփական միջազգային պարտավորությունները:

Այս մասին երեկ Վիեննայում ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդում հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի քաղաքական խորհրդական Քրիստոֆեր Ռոբինսոնը: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը խորապես մտահոգված է մայիսի 26-ին Անար Մամեդլիին 5.5 տարով ազատազրկելու մասին որոշմամբ՝ կապված կասկածելի մեղադրանքների հետ:

Ռոբինսոնը հայտարարել է, որ դա առաջացնում է Ադրբեջանի բարեկամների կասկածը, թե արդյոք անկե՞ղծ է Ադրբեջանի կառավարությունը, հավատարի՞մ է ժողովրդավարական զարգացմանը.

«Մենք նաև մտահոգված ենք իշխանությունների կողմից Լեյլա Յունուսի ու նրա ամուսնու անձնագրերը խլելու, որով և տապալվեց Բեռնում իրավապաշտպան կոնֆերանսին նրանց մասնակցությունը, և նրանց նկատմամբ իշխանությունների հետագա ճնշումների կապակցությամբ»:

Իր ելույթում Ռոբինսոնն անդրադարձել է նաև լրագրող Ռաուֆ Միրկադիրովին կալանքի տակ առնելուն և Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունն Ադրբեջանի կողմից ստանձնելուն՝ ընդգծելով, որ վերջինս ենթադրում է մեծ պատասխանատվություն: Ռոբինսոնն ընդգծել է, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ճնշումը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը:

Տեսանյութեր

Լրահոս