Ռուսաստանը չի դիտարկում Ուկրաինայի արևելքում ոչ թռիչքային գոտի ձևավորելու հարցը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փորձագետները կարծում են, որ Մոսկվան որոշակի պայմաններում կարող է ոչ թռիչքային գոտի ձևավորել Ուկրաինայի արևելքում: Իրավական պլանում դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ ԱԽ-ի մանդատը:
Սակայն նախկին հակամարտությունների փորձը ցույց է տալիս, որ այդպիսի որոշում կարող է ընդունվել նաև ՄԱԿ ԱԽ-ի շրջանցմամբ, օրինակ՝ եթե առկա է հումանիտար աղետի սպառնալիք՝ կանխելու համար քաղաքացիական բնակչության ոչնչացումը:
Ռուսական լրատվամիջոցի տվյալներով՝ մայիսի 25-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Պյոտր Պորոշենկոն վերջնագրի տեսքով ուժայիններից պահանջել է մինչև հունիսի 7-ին կայանալիք իր երդմնակալությունը «մաքրում» իրականացնել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի տարածքում:
Ընտրությունների ժամանակ դադարեցված հատուկ գործողությունն արդեն իսկ վերսկսվել է մարտական ինքնաթիռների՝ Су-25 գրոհիչ և Миг-29 ու կործանիչ ինքնաթիռների մասնակցությամբ: Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Ռուսաստանը ներկա դրությամբ չի պատրաստվում ՄԱԿ ԱԽ-ում բարձրացնել Ուկրաինայի արևելքում ոչ թռիչքային գոտու ձևավորման հարցը.
«Ներկա փուլում մեր կողմից չի դիտարկվում նման նախաձեռնություն: Մենք, հազիվ թե, կարող են հուսալ, որ եթե դա բարձրացվի, ապա այն աջակցություն կստանա արևմտյան երկրների կողմից: Բնականաբար, մենք հաշվի ենք առնում ՄԱԿ ԱԽ-ում այդ հարաբերակցությունը»: