Բաժիններ՝

Օբաման Օլանդին կոչ է արել ռազմանավեր չվաճառել Ռուսաստանին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Բրյուսելում G7-ի գագաթաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է դադար վերցնի Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունում:

Օբաման մանրամասնել է, որ խոսքը գնում է Ռուսաստանին «Միստրալ» ռազմանավեր վաճառելու մասին՝ ընդգծելով, որ դրա հետ կապված իր մտահոգությունները հայտնել է իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդին:

Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցները կարող են սահմանվել մեկ ամսվա ընթացքում, եթե նա չփոխի Ուկրաինայի հանդեպ իր քաղաքականությունը:

Օբաման հավելել է, որ դրանից խուսափելու համար Ռուսաստանը պետք է համագործակցի Ուկրաինայի նոր իշխանությունների հետ և դադարի աջակցել Ուկրաինայի արևելքում գործող անջատողականներին:

Ռուսաստանն ու Ֆրանսիան «Միստրալ» ռազմանավերի շուրջ գործարքը ստորագրել են դեռևս Դմիտրի Մեդվեդևի նախագահության ժամանակ: Գործարքը գնահատվել էր 1.2 միլիարդ եվրո:

Այդ գործարքն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանի կողմից Արևմուտքից ռազմական տեխնիկա գնելու մասին   առաջին պայմանագիրն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս