Բաժիններ՝

Ինչպե՞ս կատարել ճիշտ բժիշկ-մասնագետի ընտրություն…

Հարց: Երբեմն տարբեր մասնագիտության բժիշկներ (ուռոլոգ, սեքսապաթոլոգ, գինեկոլոգ, մաշկավեներոլոգ…) բուժում են նույն հիվանդությունները: Հետևաբար ինչպե՞ս հիվանդը կողմնորոշվի, թե ո՞ր մասնագիտության բժշկին պետք է դիմել, և ո՞վ է իրավասու տվյալ հիվանդության բուժման համար:

Պատասխան: Շատ կարևոր հարց է, որը բխում է հիվանդների անտեղյակությունից, սխալ կողմնորոշումից, և ոչ համապատասխան բժիշկ-մասնագետի ընտրությունից: Այս իմաստով կարևոր է թվարկել տարբեր մասնագիտությունների ուսումնասիրման ոլորտները:

Այսպես, ուռոլոգիան հանդիսանում է տղամարդու և կնոջ միզային համակարգի (երիկամ, միզածորան, շագանակագեղձ, միզապարկ, միզուկ) և տղամարդու սեռական համակարգի (առնանդամ և ամորձիներ) հիվանդությունների բուժական և վիրաբուժական մասնագիտություն:

Սեքսոլոգիան ուսումնասիրում է կնոջ և տղամարդու հոգեբանական սեռական խնդիրները, սեռական դաստիարակության սխալներով պայմանավորված սեռական խանգարումները, սեռական ցանկության խանգարումները, ամուսինների սեռական աններդաշնակության խնդիրները, և այլն:

Կարդացեք նաև

Գինեկոլոգիան հանդիսանում է կնոջ վերարտադրողական օրգանների (արգանդ, հեշտոց, ձվարաններ) մասնագիտություն: Նրա մի ճյուղն է նաև մանկաբարձությունը (հղիություն, ծննդաբերություն, հետծննդյան շրջան):

Մաշկաբանությունը, ուսումնասիրում է մաշկի և նրա հավելումների (եղունգ, մազ) հիվանդությունները: Մաշկավեներոլոգի ոլորտի մեջ են նաև սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններն ու նրանց մաշկային դրսևորումների բուժումը:

Ամփոփելով`

  • Գինեկոլոգը տղամարդ հիվանդ չի բուժում։
  • Ուռոլոգը բուժում է և՛ տղամարդու, և՛ կնոջ միզային համակարգի հիվանդությունները։
  • Տղամարդու անպտղությունը և շագանակագեղձի հիվանդություններ ուռոլոգիական հիվանդություններ են։
  • Սեռական ֆունկցիայի խանգարումները (հատկապես` հոգեբանական) սեքսոլոգիական են։
  • Բժիշկների համագործակցությունն ու նեղ մասնագիտական մոտեցումն օգնում է հասնել հիվանդների լիակատար առողջության:

urolog.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս