Տարածքային զարգացման հիմնադրամի գործունեությունն ուղղված է լինելու համայնքների զարգացման աջակցությանը. փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի թիմին՝ Իվան Դրաբեկի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:
Քննարկվեցին Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը Տարածքային զարգացման հիմնադրամի վերակազմավորման գործընթացի, հիմնադրամի գործունեության ուղղությունների, Համաշխարհային բանկի վարկային նոր ծրագրի բաղադրիչների հետ կապված հարցեր:
Փոխվարչապետը ներկայացրեց այն գաղափարախոսությունը, որն ընկած է լինելու նոր հիմնադրամի ձեւավորման հիմքում՝ ընդգծելով, որ վերջինիս գործունեությունը հիմնականում ուղղված է լինելու համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման աջակցությանը, համայնքների զարգացման համալիր ծրագրերի, այդ թվում՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվող ծրագրերի օժանդակությանը: Ակնկալվում է, որ հիմնադրամը կլինի այն մարմինը, որը ծրագրերի արդյունավետությունը կդիտարկի կոնկրետ տարածքի զարգացման տեսանկյունից:
ՀԲ ներկայացուցիչները նշեցին, որ ներկայացված մոտեցումները հաշվի կառնվեն նոր ծրագրում, որը պետք է համահունչ լինի նոր ձեւավորվող հիմնադրամի նպատակներին:
Նախատեսվում է, որ հիմնադրամն իր գործունեությունը կսկսի արդեն 2015 թվականից:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին