
Ուկրաինայի Գերագույն ռադան ընդլայնել է հակաահաբեկչական գործողության մասնակիցների լիազորությունները

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան ընդլայնել է ահաբեկչության դեմ պայքարի սուբյեկտների շրջանակը և պայմաններ է ապահովել՝ հակաահաբեկչական գործողության անցկացման համար: Տվյալ օրինագծի օգտին քվեարկել է 239 պատգամավոր:
Փաստաթղթի համաձայն, Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը կից գործող հակաահաբեկչական կենտրոնի որոշմամբ հակաահաբեկչական գործողության անցկացման շրջանում ներգրավվում են նաև Ուկրաինայի Անվտանգության ծառայության, ՆԳՆ-ի, Ազգային գվարդիայի, զինված ուժերի, պետական սահմանային ծառայության, հատուկ կապի պահպանման ու տեղեկատվության պաշտպանության պետական ծառայության, արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայության, պետական պահպանման վարչության ուժերն ու միջոցները:
Հակաահաբեկչական գործողության անցկացման շրջանում հավելյալ սահմանափակումներ են մտցվում քաղաքացիների իրավունքների ու ազատությունների հարցում: Հակաահաբեկչական գործողության ղեկավարության պահանջով դրա անցկացման շրջանում գտնվող կազմակերպություններն ու ձեռնարկությունները մասնակիորեն կամ ամբողջովին դադարեցնում են իրենց աշխատանքը: