«Դո´ւրս մեր գրպաններից» նախաձեռնության անդամներ. «Մեզ ոչ ոք չի ուղղորդում, ոչ մի քաղաքականության մեջ մտած չենք» (տեսանյութ)
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Դո´ւրս մեր գրպաններից» նախաձեռնության անդամները խոսեցին իրենց գործունեության և առաջիկա քայլերի մասին: Նշենք, որ նախաձեռնության խումբը կազմված է մոտ 20 ավտովարորդներից, որոնք ներկայացնում են ավտովարորդների խնդիրները:
Նախաձեռնության անդամ Արթուր Կռոյան նշեց, որ իրենց շարժումն ինքնաբուխ քաղաքացիական շարժում է. «Մենք ունենք մի քանի նպատակ` տուգանքների հնգապատիկ իջեցում, կարմիր գծերի վերացում, որոնք ավելի շատ նպաստում են, որպեսզի արտագաղթը մեծանա: Հիմնականում դրանք են մեր նպատակաները: Սկսել ենք պայքարել մեր ուժերով, մեզ ոչ ոք չի ուղղորդում, ոչ մի քաղաքականության մեջ մտած չենք: Արդեն անցկացրել են 2 երթ: Առաջին երթից այնքան էլ գոհ չէինք: Իսկ երկրորդ երթն արդեն բավականին լավ էր ու համախմբված: Երրորդը, հուսով եմ, ավելի լավ կլինի: Պայքարելու ենք մինչև վերջ»:
Նախաձեռնության մեկ այլ անդամ Արտաշես Միսակյանի խոսքով էլ` 2 երթ անցկացնելուց հետո` դիմելով կառավարությանը, պատկան կառույցնեևրին, ոչ մի արձագանք չեն ստացել. «Այսինքն՝ պատկան մարմինները, որոնք պետք է այդ հարցին բանական լուծում տային, չդիմեցին մեզ, ու ոչ մի լուծում չստացանք»:
«Դո´ւրս մեր գրպաններից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանն էլ նշեց, թե իրենք նաև վարորդներ են. «Մեր պահանջները ոչ մի ուշադրության առայժմ չեն արժանացել, մենք շարունակելու ենք մեր ավտոերթերն այնքան ժամանակ, մինչև ուշադրություն դարձվի այս հարցերին ու համապատասխան լուծումներ ստանան: Մեր պայքարը լինելու է հետևողական և աննահանջ` ընդհուպ մինչև քաղաքացիական անհնազանդություն, քանի որ մեր պանաջը օրենքի սահմաններում է»:
Հարցին` թե ո՞ւմ եք դիմել պահանջները ներկայացնելիս, խմբի անդամները պատասխանեցին. «Մեր նախաձեռնող խմբով, նաև երթերով` տարբեր կայքերում տարածել ենք, նաև քաղաքն է խոսում այդ մասին: Բոլորը գիտեն: Այն օրը հենց վարչապետը մեր առաջին ավտոերթի ընթացքում մեր դիմացով անցավ: Այսինքն` տեղեկացված են բոլորն էլ` և´ Ոստիկանությունը, և´ Կառավարությունը»:
Նրանք նշեցին, որ կոնկրետ որևէ կառույցի չեն դիմել և իրենցդ ինֆորմացիայի տարածման աղբյուրը կայքերն են: Հարցին, թե ինչո՞ւ գրավոր չեք ներկայացնում ձեր պահանջները, նրանք պատասխանեցին, թե քանի որ իրենցը քաղաքացիական շարժում է, գրավոր ներկայացնելու ոչինչ չունեն. «Ճիշտն ասաց, նաև նրա համար, որ մենք չգիտենք, թե այս հարցերին կոնկրետ ով է լուծում տալիս»:
Նախաձեռնող խումբն ունի 20 անդամ. «Մենք դեմ չենք` օրինախախտ վարորդներին պատժելուն, բայց մենք պահանջում ենք, որ այդ տուգանքները համապատասխան լինեն մեր աշխատավարձներին, մեր եկամուտներին: Մեզ տուգանում են այնքան, որքան Եվրոպայում, որտեղ աշխատավարձը 3-4 հազար եվրո է»: