Ռուսաստանն Ադրբեջանին հրավիրել է Եվրասիական տնտեսական միություն
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանին հրավիրել է Մաքսային միություն ու Եվրասիական տնտեսական միություն.
«Ինտեգրման բոլոր ձևերը բաց և քննարկելի են: Եվրասիական տնտեսական միությանը կամ Մաքսային միությանը Ադրբեջանի ինտեգրումը կոնկրետ քննարկման աեարկա է, ինչպես և ինտեգրման մյուս ձևերը: Այստեղ գոյություն չունի որևէ արգելք: Կարծում եմ, որ այդ համաձայնագրերին Ադրբեջանի մասնակցությունը կլիներ տրամաբանական»:
Ուլյուկաևը հիշեցրել է, որ Ադրբեջանն օգտվում է ԱՊՀ-ի հետ ազատ առևտրի ռեժիմից. «Սակայն անհրաժեշտ է առաջ ընթանալ: Եվրասիական տնտեսական միությունը միայն ազատ առևտրի շուկա չէ: Այստեղ հաշվի են առնվում ծառայությունների մատուցումը, ներդրումներ անելը, աշխատուժը, ինչը նշանակում է բիզնեսի պաշտպանություն»:
Ուլյուկաևն ու Ադրբեջանի էկոնոմիկայի ու արդյունաբերության նախարար Շահին Մուսթաֆաևն այսօր Բաքվում ստորագրել են Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ու Ադրբեջանի էկոնոմիկայի ու արդյունաբերության նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր, որում խոսք է գնում ձեռնարկությունների ու կազմակերպությունների համագործակցության խթանման մասին: