
Ուկրաինայի ԱԳՆ-ը ՌԴ-ին մեղադրել է «երկրի տարածք ահաբեկչություն արտահանելու» մեջ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել Ռուսաստանից երկրի տարածք զինված զինյալների ներթափանցման ու երկրի արևելյան շրջաններում նրանց ահաբեկչական գործունեության ակտիվացման կապակցությամբ:
Ուկրաինայի ԱԳՆ-ը Ռուսաստանից պահանջել է անհապաղ դադարեցնել ահաբեկչական գործունեության կազմակերպումը, ահաբեկչական կազմակերպություններին ամեն տիպի օգնությունն ու հովանավորչությունը, Ուկրաինայի տարածք դիվերսիոն խմբեր ուղարկելը:
Ուկրաինայի ԱԳՆ-ը հատուկ մտահոգություն է հայտնել Ռուսաստանի առանձին պաշտոնական ներկայացուցիչների և մասնավորապես Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի այն հայտարարությունների կապակցությամբ, որոնք հաստատում են, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել ահաբեկիչների շարքերն ուժեղացնելու պրակտիկան.
«Ռուսաստանի Դաշնության տարածքից Ուկրաինա լավ նախապատրաստված ու զինված ռուս վարձկանների ուղարկումը չի կարող որակվել այլ կերպ, քան Ուկրաինայի տարածք ահաբեկչության արտահանում»: