Բաժիններ՝

Էրդողանը կարող է 2023 թվականին Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը դիմավորել երկրի նախագահի կարգավիճակով

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կդառնա Թուրքիայի հաջորդ նախագահը և իշխանության ղեկին կմնա մինչև 2023 թվականը (երբ Թուրքիայում կնշեն հանրապետության հիմնադրման 100-ամյակը):

Այս մասին NTV հեռուստաալիքին հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը. «Էրդողանը կշարունակի ժողովրդին ծառայել որպես նախագահ»:

Շահինն ընդգծել է, որ ակնկալում է, որ ԱԶԿ-ը 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կստանա խորհրդարանի տեղերի մեծ մասը, ինչը բավականաչափ կլինի՝ Սահմանադրությունում ուղղումներ անելու համար.

«Սահմանադրական նոր ուղղումներն Էրդողանին հնարավորություն կտան լինել երկրի նախագահ՝ միաժամանակ մնալով իր կուսակցության նախագահ: Դրանով իսկ Էրդողանը նախագահ կհանդիսանա որպես քաղաքական կուսակցության անդամ և մեր ժողովրդին կծառայի մինչև 2023 թվականը»:

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա օգոստոսի 10-ին: Թուրքիայի նախագահն ընտրվում է 5 տարով: Դա նշանակում է, որ Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելու և վերընտրվելու դեպքում Էրդողանը Թուրքիայի նախագահ կհանդիսանա 2014-2024 թվականներին՝ բաղձալի 2023 թվականը դիմավորելով նախագահի կարգավիճակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս