Վրաստանում հուսով են, որ այս տարի կգրանցվի ուկրաինացի զբոսաշրջիկների մեծ ներհոսք՝ կապված Ղրիմի կորստյան հետ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում բացվել է ամառային զբոսաշրջային սեզոնը: Վրաստանը պլանավորել է այս տարի ընդունել առնվազն 6 միլիոն օտարազգի զբոսաշրջիկի:
Կանխատեսվում է, որ այս տարի օտարազգի զբոսաշրջիկների թիվը կաճ առնվազն 12 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա հետ: Հանգստյան օրերին Վրաստանում անցկացվել են ժամանցային մասշտաբային միջոցառումներ՝ կապված զբոսաշրջային սեզոնի բացման հետ:
Վրաստանում հատկապես ակնկալում են, որ այս տարի կմեծանա ուկրաինացի զբոսաշրջիկների քանակը: Նկատի է առնվում այն, որ տարեկան ավելի քան 4 միլիոն ուկրաինացի ներքին զբոսաշրջիկներ իրենց հանգիստն անցկացնում էին Ղրիմում, ինչը տեղի չի ունենա այս տարի: Վրացական կողմը պլանավորում է այդ անձանց Ղրիմից ուղղել Վրաստանի սևծովյան ափեր:
Վրաստանում զբոսաշրջիկների ամենամեծ քանակն ակնկալվում է օգոստոսին: 2013 թվականին Վրաստան այցելել է 5.365.400 օտարազգի, որոնց կեսը երկիր մուտք գործելիս իրեն համարել է զբոսաշրջիկ: Նախորդ տարի ամենաշատ այցելուները գրանցվել են Թուրքիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից ու Իրանից: