Քաղցկեղով հիվանդ երեխաները բեմում երգել են սիրելի կատարողների հետ (տեսանյութ)
Մայրաքաղաքի տարբեր վայրերում երգերով, պարերով ու ներկայացումներով տոնել են հունիսի 1-ը: armnewstv.am-ի փոխանցմամբ՝ քաղցկեղով հիվանդ երեխաները բեմում երգել են սիրելի կատարողների հետ: Բեմում նրանք են, ովքեր փոքր տարիքում արդեն հաղթահարել են մեծ դժվարություններ: Փոքրիկ երգիչները` «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի շահառուներն են: Երեխաների իրավունքների պաշտպանության օրը քաղցկեղով հիվանդ 20 երեխաներ նշում են իրենց սիրելի երգիչների հետ: Թաթայի, Շուշան Պետրոսյանի, Արսեն Գրիգորյանի հետ` նույն բեմում կատարում են սիրելի երգերը:
«Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը` առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է: Հենց նրա հեղինակած երգն էլ «Արև ենք միասին» դարձել է հիմնադրամի հիմնը:
Նրանք փոխելու են աշխարհը: 3-րդ Tedx-ի թեման` կրթությունն ու կրթական խնդիրներ են: Խաչատուրը TedxKids-ի բանախոսներից մեկն է` ապագա ԱԺ նախագահը: Մինչև պատասխանատու պաշտոնին հասնելը ու ԱԺ ամբիոնից խոսելը` իր ձայնը լսելի է դարձում TedxKids-ի բեմից:
TedxKids-ի բանախոսները պատանիներ են Հայաստանի տարբեր մարզերից ու Վրաստանից: Այս հարթակից կիսվում են իրենց հաջողության հասնելու բանաձևով, լսելի են դարձնում իրենց հուզող խնդիրներն ու կոչ են անում բոլոր մեծերին` մտածել ինչպես երեխան:
Ազատության հրապարակում ապագա նկարիչների ցուցահանդեսն է, առայժմ գունավոր ներկերի փոխարեն` կավիճներն են, կտավի փոխարեն էլ` ասֆալտը: Նկարում են մեծերի աշխարհը` մանկական աչքերով, գույներով ու պատկերացումներով: Փոքրիկ նկարիչների ժամանցը ապահովում է բացօթյա համերգային շոուն, հասակակիցները զվաճացնում են` հասակակիցներին:
Բրեյք դանսի ասոցիացիան էլ երեխաների պաշտպանության օրը նշում է Բրեյք դանսի պարային մենամարտով: ԱՊՀ երկրների լավագույն պարողները եկել են Հայաստան` ցուցադրելու իրենց պարային ունակությունները: Ընտրվել է մինչև 12 տարեկան լավագույն Բ բոյերը:
Մանկական երկաթուղին տոնական է, ատրակցիոններից մի քանիսն էլ անվճար: Փոքրիկ Հակոբը թեև լրագրողի մասնագիտությունը չի ընտրելու, բայց միկրոֆոնի նկատմամբ անտարբեր չէ: Ուզում է ցանկությունը հրապարակային դարձնել` արագ մեծանալ ու մեծերի համար անհնարը` դարձնել հնարավոր: