
Իսպանիայի թագավորը հօգուտ որդու հրաժարվել է գահից

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսպանիայի միապետ, 76-ամյա Խուան Կառլոսը հրաժարվել է գահից: Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը: Իսպանիայի հաջորդ թագավոր կդառնա նրա որդին՝ Ֆելիպեն, որի օգտին էլ գահից հրաժարվել է Խուան Կառլոսը, ով երկիրը գլխավորում էր 39 տարի:
Վերջին տարիներին Խուան Կառլոսն ունեցել է առողջական խնդիրներ: 2012 թվականի ապրիլին Բոստվանայում փղերի ոսրի ժամանակ նա երեք տեղից կոտրել էր ազդրը: Դրանից հետո նրան վիրահատել էին, ապա բարդությունների պատճառով ևս մեկ անգամ վիրահատել էին նույն թվականի դեկտեմբերին:
Սակայն երկրորդ վիրահատությունը նույնպես հաջող չէր անցել, նրա հյուսվածքների մեջ վարակ էր ներթափանցել, ինչի համար Խուան Կառլոսը 2013 թվականի սեպտեմբերին վերստին հայտնվեց վիրահատական սեղանին: Չնայած նրան, որ այդ վիրահատությունը նրա համար դարձավ վերջին երեք տարում 8-րդը՝ թագավորը դրանից հետո հայտարարել էր, որ մտադիր չէ հրաժարվել գահից: