Բուժքրոջ խոսքով՝ մահացած Լիա Միսակյանի մայրը հունվարի 1-ին ասել է, որ ուզում են տուն գնալ

Արաբկիր բժշկական կնետրոնում մահացած 2.5-ամյա Լիա Միսակյանի գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց կենտրոնի բուժքույր Արմինե Կարապետյանը: Նա նշեց, որ աշխատում է բժշկական կենտրոնի բոքսային բաժանմունքում՝ որպես հերթապահ բուժքույր (հենց այս բաժանմունքում է հոպիտալացված եղել Լիա Միսակյանը):

Բուժքրոջ խոսքով՝ ինքը հերթապահել է 2013թ. հունվարի 1-ին, հերթափոխն ընդունելուց հետո Լիա Միսակյանի ծնողից հետաքրքրվել է նրա առողջական վիճակի մասին, կաթիլային միացրել: Արմինե Կարապետյանի խոսքով՝ երբ ինքը գնացել է Լիա Միսակյանի պալատ, նրա մայրն ասել է, որ իրենք ցանկանում են տուն գնալ, երեխան լավ է: Բուժքույրը պատմեց, որ ինքը այդ մասին հայտնել է բժշկուհուն, ով թույլ չի տվել նրանց գնալ հիվանդանոցից:

Ա. Կարապետյանի խոսքով՝ այդ օրը բաժանմունքի բժշկուհին եղել է Զարինե Այվազյանը (վերջինս հարուցված քրեական գործով մեղադրյալ է), ով զննել է երեխային, զրուցել ծնողի հետ:

Ըստ Արմինե Կարապետյանի՝ Լիա Միսակյանին զննելուց հետո բժշկուհին հորդորել է շարունակել նախորդ բժշկուհու կողմից կատարված նշանակումները:

Կարդացեք նաև

Արմինե Կարապետյանի խոսքով՝ ամբողջ ընթացքում բժշկուհի Զարինե Այվազյանը հետաքրքրվել է հիվանդների վիճակի մասին: Պատասխանելով գործով մեղադրող Դավիթ Կարապետյանի հարցին՝ Ա. Կարապետյանն ասաց, որ Լիա Միսակյանի մահվան մասին իմացել է հունվարի 2-ին հիվանդանոցի բուժքույրերից մեկից:

Նա նշեց, որ հետագայում չի իմացել՝ ինչից է մահացել Լիա Միսակյանը: Երեխայի հոր՝ Գեորգի Միսակյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի հարցին՝ արդյոք բուժքույրը բժշկական կենտրոնում մասնակցե՞լ է քննարկմանը՝ Լ. Միսակյանի մահվան հանգամանքների ուսումնասիրության նպատակով, վկան բացասական պատասխան տվեց: Նա ասաց նաև, որ տեղյակ չէ նման քննարկում եղե՞լ է, թե՞ ոչ:

Մեղադրող Դավիթ Կարապետյանը հետաքրքրվեց՝ արդյոք բուժքույրը հունվարի 1-ին ստացե՞լ է Լիա Միսակյանի արյան անալիզի պատասխանը: «Չեմ հիշում, որ եղած անալիզների մեջ եղած լինի Լիա Միսակյանի անալիզը»,- ի պատասխան ասաց վկան:

Նա նշեց, որ չի հիշում՝ ինքն անալիզը փակցրած լինի երեխայի անկետայի մեջ: Վկան նշեց նաև, որ, որպես կանոն, արյան անալիզներ վերցնելու հետո պատասխան ստանում են 2 ժամ անց: Ավելի ուշ, պատասխանելով Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հարցին, վկան ասաց, որ հնարավոր է՝ թղթային տարբերակով անալիզի պատասխանները պատրաստ լինեն նաև մեկ օր անց:

Մեղադրող դատախազ Արթուր Կարապետյանն ասաց, որ նախորդ նիստերից մեկի ժամանակ լաբորատորիայի բժշկուհին ցուցմունք է տվել՝ ասելով, որ երբ հունվարի 1-ին պարզել են Լիա Միսակյանի արյան մեջ էական շեղումների հանգամանքը, զանգահարել են «պոստ», հարցրել նրա առողջական վիճակի մասին, հայտնել են արյան մեջ էական շեղումների առկայության մասին:

«Այդպիսի բան չի եղել, զանգ չի եղել»,- արձագանքեց Արմինե Կարապետյանը՝ հավելելով, որ երբ զանգ է լինում, իրենք փոխանցում են բժիշկներին:
Հաջորդ դատական նիտը տեղի կունենա մայիսի 14-ին:

Տեսանյութեր

Լրահոս