Միրկադիրովն իր կալանավորման համար մեղադրել է Ռուսաստանի հատուկ ծառայություններին
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փաստաբան Ֆուադ Աղաևն այսօր այցելել է Ազգային անվտանգության նախարարության մեկուսարանում պահվող լրագրող Ռաուֆ Միրկադիրովին, որին մեղադրում են պետական դավաճանության մեջ:
Փաստաբանի խոսքերով՝ Միրկադիրովն իր կալանավորման համար մեղադրում է Ռուսաստանի հատուկ ծառայություններին: Նա կարծում է, որ իրեն կալանավորել են Ռուսաստանին հասցեագրած քննադատական նյութերի համար:
Միրկադիրովը հերքում է լրտեսության մասին բոլոր մեղադրանքները և բողոքել է, որ մեկուսարանում իրեն չեն տալիս իր ցանկացած որևէ թերթ: Նրան միայն տալիս են պաշտոնական մամուլը: Փաստաբանը դա գնահատել է որպես Միրկադիրովի իրավունքների սահմանափակում:
Փաստաբանը հավելել է, որ Ազգային անվտանգության նախարարությունը նաև թույլ չի տվել, որ լրագրողը հանդիպի ծնողների հետ՝ թեև համապատասխան դիմումը տրվել է դեռևս 5 օր առաջ: