«Ոչ իշխանական» իշխանություն. «Առավոտ»
«Առավոտը» գրում է. «Երեկ Ազգային ժողովում ձայների 101 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ խորհրդարանի նախագահ ընտրվեց իշխող Հանրապետականի թեկնածու Գալուստ Սահակյանը։ Իշխանական թեկնածուի օգտին քվեարկեցին նաև ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի պատգամավորները, ովքեր, ըստ ԶԼՄ-ների հրապարակումների՝ դեռ մինչև քվեարկության արդյունքների հրապարակելը մոտեցել շնորհավորել են Գալուստ Սահակյանին։ Քվեարկությանը չմասնակցեցին Հայ ազգային կոնգրեսի, Դաշնակցության և «ժառանգության» ներկայացուցիչները։ Այսինքն՝ «ոչ իշխանական» «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, որոնք, ինչպես հայտնի է, ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս որպես «այլընտրանք» իշխանությանը, նաև՝ «հրաշալի քառյակի» գլխավոր դերակատարներից են, ոչ միայն մասնակցել են քվեարկությանը, այլև կողմ են քվեարկել իշխանության թեկնածուին։ ԲՀԿ-ից ի սկզբանե հայտարարեցին, թե խմբակցության անդամները ազատ են թողնվել, և յուրաքանչյուրը քվեարկել է իր խղճի մտոք։ Փաստորեն, ԲՀԿ-ն նույնիսկ այսպիսի «ազատության» պայմաններում ոչ թե «հրաշալի քառյակի» գործընկեր կառույցի ներկայացուցչի՝ Հրանտ Բագրատյանի օգտին է քվեարկում, այլ այն իշխանության թեկնածուի, որի դեմ պարբերաբար հանդես էր գալիս քննադատությամբ։ Հրանտ Բագրատյանի դեպքում, իհարկե, կարող են հակադարձումներ լինել թե ԲՀԿ-ն ինչո՞ւ պետք է քվեարկեր նրա օգտին, երբ նույնիսկ սեփական խմբակցությանը չի պաշտպանել նրա թեկնածությունը, ինչի արդյունքում էլ Հրանտ Բագրատյանը երեկ ստացավ ընդամենը 3 ձայն։ Հայաստանի խորհրդարանում «ոչ իշխանականների» գործունեության առումով Հրանտ Բագրատյանի առաջադրումը, անկախ նրա ստացած ձայներից, պետք է դրական փաստ համարել որովհետև երեկ հենց նրա աոաջադրմամբ ի հայտ է եկել խորհրդարանական «ընդդիմադիրի» կեցվածքը. մի «ընդդիմադիր» խմբակցության իր խմբակցության անդամի օգտին չի քվեարկում, մյուս «ոչ իշխանական» խմբակցությունն էլ իշխող մեծամասնության հետ կողմ է քվեարկում ՀՀԿ թեկնածուին։ ՀՀԿ-ն, որը խորհրդարանում ունի 70 պատգամավոր, իր թեկնածուի ընտրությանը ստացել է գումարած 31 «ոչ իշխանականների» աջակցության (այս թվից կարելի է հանել ՕԵԿ-ականների ձայները, բայց դա էլ չի փրկում իրավիճակը), իսկ Հրանտ Բագրատյանը ստանում է երեք ձայն։ ՀՀԿ-ի թեկնածուն ՝ Գալուստ Սահակյանը, խորհրդարանում «ոչ իշխանական» ուժերի առկայության պայմաններում ջախջախիչ մեծամասնությամբ Աժ խոսնակ է ընտրվել։ Նրան, իհարկե, այսպիսի ընտրության համար միայն շնորհավորել է մնում, քանի որ նա ընտրվել է Աժ նախագահ՝ ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ միահամուռ ուժերով։
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։