«Մեր հասարակության մեջ ամենաչընդունված մարդը նշանակվել է ԱԺ նախագահ»

«Այս վերջին փոփոխությամբ, նաև Գալուստ Սահակյանին Ազգային ժողովի նախագահ նշանակելով` Սերժ Սարգսյանը (եթե ինքն է արել) ամեն ինչ անում է, որ ժողովուրդն օր առաջ հրապարակ դուրս գա»,- 168.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` մեկնաբանելով Ազգային ժողովի նախագահի ընտրությունները:

«Տեսեք, սա վերջնական հանգուցալուծումն է, որովհետև այսօր մեր հասարակության մեջ ամենաչընդունված մարդը նշանակվել է Ազգային ժողովի նախագահ, ընտրելը չեմ ասում: Եվ ցավում եմ, որ դրա լեգիտիմացման փորձ արեց նաև իմ գործընկեր Հրանտ Բագրատյանը. եթե մի ներկայացում լիներ` միայն Գալուստով, դա ուրիշ էր, իսկ Հրանտ Բագրատյանի նման մրցակից ունենալն արդեն ուրիշ երևույթ է, իրենք խոսելու բան կունենան, թե տեսեք` մրցակցություն է գնում»,- ասաց Մակեյանը:

Նրա խոսքերով` ԱԺ նախագահի ընտրությունը ոմանց համար էր անկանխատեսելի, իսկ իր համար կանխատեսելի էր «Բարգավաճի» պահվածքը», այսինքն` ընտրությանը մասնակցելը: Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞րն էր ավելի նախընտրելի` մասնակցե՞լ ԱԺ նախագահի ընտրության քվեարկությանը, թե՞ բոյկոտել, նա նշեց, որ արժանապատվություն ունենալու պարագայում` առնվազն պետք է չմասնակցեին, իսկ առավելագույնը` ոչ իշխանական խորհրդարանական ուժերը պետք է ընդհանրապես դուրս գան և ԱԺ-ում Հանրապետականին թողնեն միայնակ:

Մեր զրուցակցի կարծիքով` այդ դեպքում կառաջանա քաղաքական ճգնաժամ, և կստեղծվի իրավիճակը փոխելու հնարավորություն:

Կարդացեք նաև

Իսկ ԱԺ նախագահի ընտրությունն, ընդհանրապես, հետաքրքրո՞ւմ է հասարակությանը: Ի պատասխան մեր այս հարցին` Պ. Մակեյանն ասաց. «Մեր հասարակությունն ունի յուրահատկություններ. նույնիսկ այս անտարբերության ու անորոշության մեջ ցուցաբերում է հետաքրքրություն, և նույնիսկ եթե մարդիկ հեռու են քաղաքականությունից, չեն հետաքրքրվում, երբ լսում են, որ Գալուստ Սահակյանն ընտրվել է ԱԺ նախագահ, դա իրենց, կոպիտ ասած, հոսանքահարում է»:

Հիշեցնենք, որ այսօրվա քվեարկության արդյունքներով` ԱԺ նախագահ է ընտրվել «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` 101 կողմ ձայներով, իսկ մյուս թեկնածուի` «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի օգտին գրանցվել է 3 քվե: ԱԺ նախագահի ընտրությանը մասնակցել են «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցությունները, իսկ «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգությունը» հայտարարել են քվեարկությունը բոյկոտելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս