Կոտայքի տարածքային հարկային տեսչությունն արդեն սպասարկման ժամանակակից սրահ ունի

Կոտայքի մարզի հարկ վճարողները կարող են բարձրակարգ սպասարկում ստանալ. տարածքային հարկային տեսչությունում բացվել է նորաոճ սպասարկման սրահ: Լինելով մայրաքաղաքի տեսչություններից հետո մեծությամբ երկրորդը` Կոտայքի ՏՀՏ-ում պատշաճ սպասարկում ապահովող արդիական կենտրոնի հիմնումը խիստ անհրաժեշտ և սպասված էր: «Մայրաքաղաքի տեսչությունները սպասարկման սրահներով հագեցնելուց հետո հասունացել էր Կոտայքի տարածաշրջանում նույնպես հարկ վճարողներին միասնական չափանիշներին համապատասխան, որակյալ ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունը:

Սրանով մենք ևս մեկ քայլ ենք կատարում կոմիտեի բարեփոխումների շրջանակում` սահմանափակելով հարկ վճարող-հարկային մարմին շփումը»,-նշել է Կոտայքի ՏՀՏ պետ Վահագն Սահակյանը: Տեսչությունն այսուհետ կկարողանա հարկ վճարողների հետ կապն իրականացնել «մեկ պատուհանի» սկզբունքով` խնայելով այցելուների ժամանակը և նվազեցնելով նրանց շփումն աշխատակիցների հետ: «Մենք առանձնացրել ենք սպասարկման գործառույթը նախկինում գործող տեղեկատվության և վերլուծության բաժնից: Այսուհետ հարկ վճարողները բոլոր հարցերի պատասխանները կարող է ստանալ հարմարավետ, ժամանակակից սարքավորումներով հագեցած սրահի միջոցով»,- ներկայացրել է Կոտայքի ՏՀՏ պետը:

Սպասարկման կենտրոնի ստեղծումը հարկատուներին զերծ է պահում ավելորդ թղթաբանությունից և տարբեր բաժիններ այցելելու անհրաժեշտությունից. Կոտայքի ՏՀՏ-ում հարկատուների հետ շփումը նոր հարթություն է տեղափոխվում: Սա ՊԵԿ բարեփոխումների ծրագրի առաջնահերթություններից է:

«Եթե նախկինում հարկատուները Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվելուց հետո պարտավոր էին հաշվառվելու նպատակով որոշակի ժամանակահատվածում ներդիրի պատճեն ներկայացնել հարկային մարմին, ապա «Հարկատու 3» համակարգի շնորհիվ այդ անհրաժեշտությունը վերացել է. մենք համակարգի միջոցով տեսնում ենք նույն պահին գրանցված հարկ վճարողին: Հետևաբար վերացել է նաև ժամկետի ընթացքում չհասցնելու պատճառով տույժի ենթարկվելու խնդիրը»,-պարզաբանել է Կոտայքի ՏՀՏ գլխավոր հարկային տեսուչ Նաիրա Պողոսյանը: «Հարկատու 3» համակարգը դյուրացրել է նաև սպասարկման սրահի մասնագետների աշխատանքը. նրանք հարկ վճարողների հարկային պատմությանը` ներառյալ տարբեր ժամանակահատվածներում ներկայացրած հաշվետվություններին, ծանոթանալու համար հարկադրված չեն թերթել յուրաքանչյուրի հարկային գործը. բոլոր տվյալներն արտացոլված են «Գրանցամատյան» բաժնում:

Կոտայքի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված է 5862 հարկ վճարող, որոնցից գործունեություն է իրականացնում 2605-ը: Տեսչության կողմից սպասարկվում է 2 քաղաք և 30 գյուղական համայնք, այդ թվում` հանքարդյունահանման ոլորտի 19, շինարարության 42, արտադրության 338 ձեռնարկություն:

ՊԵԿ

 

 

Տեսանյութեր

Լրահոս