Սիրիայում նախագահի թեկնածուների քանակը հասել է 11-ի, որոնցից մեկը քրիստոնյա է
Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր չորս նոր թեկնածու է առաջադրվել Սիրիայի նախագահի պաշտոնում: Սիրիայի Ժողովրդական խորհրդի (խորհրդարան) խոսնակ Մուհամմեդ Ջիհադ ալ-Լյահամը հայտարարել է, որ Բարձրագույն սահմանադրական դատարանին իր փաստաթղթերն է հանձնել ևս մեկ կին թեկնածու:
Խոսքը գնում է Դամասկոսի բնակիչ Իզզա Մուհամմեդ Վաջիհ Հալյակի մասին: Նրանից երկու օր առաջ Սիրիայի պատմության մեջ առաջին կին նախագահի թեկնածու էր դարձել Լաթաքիան ներկայացնող Սաուսան Օմար ալ-Հադդադը: Մյուս երեք նոր թեկնածուներից մեկը քրիստոնյա է՝ Սամիս Միխայիլ Մուսան:
Բոլոր թեկնածուները դիմել են խորհրդարանին՝ խնդրելով վստահություն հայտնել իրենց: Բարձրագույն սահմանադրական դատարանում գրանցում ստանալու համար յուրաքանչյուր թեկնածու պետք է ստանա 250 հոգանոց օրենսդիր մարմնի 35 պատգամավորի աջակցություն: Սիրիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են հունիսի 3-ին: