25 ՀՀԿ-ական՝ ԲՀԿ-ում

Այսպիսով, Գալուստ Սահակյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ: Դա ինքնին որևէ նորություն չպարունակող տեղեկատվություն է, քանի որ պարզ է՝ եթե նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեր, որ հայոց պառլամենտարիզմը լավագույնս կարող է զարգացնել ՀՀՇ-ի Գևորիկը, ապա հենց նա էլ կդառնար ԱԺ նախագահ: Ի դեպ, ՀՀՇ-ի Գևորիկի ու Գալուստ Սահակյանի քաղաքական կենսագրությունները, որոշակի տարբերություններով, նաև նմանություններ ունեն: Քաղաքականության համար կարևորագույն ասպեկտով՝ կուսակցական պատկանելությամբ: Ինչպես ՀՀՇ-ի Գևորիկը, ով արդեն ՀՀԿ-ի Գևորիկն է, Գալուստ Սահակյանը ևս ժամանակին եղել է ՀՀՇ-ի անդամ: Բայց դա ՀՀՇ-ի պատմության բազմաթիվ մութ կետերից մեկն է միայն: Սա՝ իմիջիայլոց:

Գալուստ Սահակյանի ընտրության հետ կապված ամենահետաքրքիր նրբությունը նրա օգտին քվեարկած ձայների թիվն է՝ 101 կողմ: Այն դեպքում, երբ ՀՀԿ-ն ԱԺ-ում ունի ընդամենը 70 պատգամավոր: Այսինքն՝ ուղիղ 31 ոչ իշխանական կամ ընդդիմադիր պատգամավոր կողմ է քվեարկել այն իշխանության թեկնածուին, որի դեմ իբրև թե պայքարում է ու որի ապաշնորհ քաղաքականությունից ցանկանում է փրկել բազմաչարչար հայ ժողովրդին: Արդեն 8.5 օրվա ընդդիմադիր ՕԵԿ-ն ունի 6 պատգամավոր: Ենթադրենք՝ 6-ն էլ կողմ են քվեարկել Գալուստ Սահակյանին: ՕԵԿ-ից այլ բան դժվար էր սպասել:

Իսկ ովքե՞ր են մնացած 25-ը: Եթե ՀԱԿ, ՀՅԴ ու «Ժառանգություն» խմբացկությունները հայտարարած չլինեին քվեարկությունը բոյկոտելու մասին, ապա այդ 25-ին գտնելը դժվար կլիներ, քանի որ առնվազն հնարավոր չէր լինի բացառել, որ գուցե մեկը՝ ՀԱԿ-ից, երկուսը՝ «Ժառանգությունից», մնացածն էլ՝ ՀՅԴ-ից կողմ են քվեարկել: Հանուն ինչ-որ բանի: Մեկը՝ հանուն Գալուստ Սահակյանի հետ բարեկամության: Մյուսը՝ հանուն հայոց լեզվի անաղարտության, երրորդները՝ այլ շարժառիթներով: Սակայն, կրկնում ենք, այս երեք խմբակցությունները ֆիզիկապես չեն մասնակցել քվեարկությանը, ուստի 25-ին անգամ փնտրելու կարիք չկա:

Նրանք բոլորը ԲՀԿ-ից են: Արմատական այլընտրանքային, անհաշտ քննադատ, իշխանության ահ ու սարսափ ԲՀԿ-ից: Նրանք հաստատ կողմ են քվեարկել Գալուստին՝ իշխանությունը ներսից սասանելու համար, որովհետև ցանկացած իշխանություն առնվազն էսթետիկապես մեծ հարված կարող է ստանալ՝ Գալուստ Սահակյանի նման գործչին ոչ թե՝ սովորական, այլ ջախջախիչ մեծամասնությամբ ԱԺ խոսնակ ընտրելու հանգամանքից: Իրականում Գալուստ Սահակյանի ընտրությունը հերթական անգամ, կրկին ու նորից, վերստին ու աներկբա ցույց տվեց, թե ինչ է իրենից ներկայացնում առանձին վերցրած հարցերում՝ արմատական, սակայն ընդհանուր առմամբ՝ իշխանական ԲՀԿ-ն:

Այն մի կուսակցություն է, որում իշխանությունը ցանկացած պահի առնվազն 25 յուրային պատգամավոր ունի: ԲՀԿ-ականներն, իհարկե, չեն համաձայնի այս գնահատականի հետ: Բայց չհամաձայնելով՝ ավելի ծիծաղելի ու անհեթեթ վիճակում կհայտնվեն: Որովհետև չհամաձայնելու դեպքում պետք է ասեն՝ մենք ոչ թե իշխանության թեկնածու Գալուստ Սահակյանին ենք կողմ քվեարկել, այլ «մեր մեծ ախպեր Գալուստ Սահակյանին»: Չհամաձայնելով ու այդ միակ բացատրությունը ներկայացնելով՝ նրանք հօդս կցնդեցնեն իրենց կողմից դրոշակ դարձված այն հիմնավորումը, թե ԲՀԿ-ն կառավարության դեմ պայքարում անձերի խնդիր չուներ, քանի որ առաջնորդվում է ոչ թե անձերին, այլ համակարգը փոխելու սկզբունքով: ԲՀԿ-ականները կարող են, իհարկե, նաև այլ բացատրություններ ներկայացնել:

Օրինակ, որ 25 պատգամավորները ոչ թե ՀՀԿ-ինն են, այլ Գալուստ Սահակյանինը, որովհետև վերջինս էլ՝ Հովիկ Աբրահամյանինն է, վերջինս էլ՝ Գագիկ Ծառուկյանինը: Խնամին: Դա ևս տարբերակ է: Թե նշված տարբերակներից որն ավելի հոգեհարազատ կլինի ԲՀԿ-ի համար, իրենց ճաշակի հարցն է, որի պատասխանները թող իրենք գտնեն: Իսկ հանրությանը, թերևս, մեկ այլ հարց է հետաքրքրում՝ ինչպես կքվեարկեր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, եթե այսօր մասնակցեր ԱԺ նախագահի քվեարկությանը: Բայց այդ հարցի պատասխանը երևի ավելի հստակ կիմանա Գալուստ Սահակյանը, քան ԲՀԿ-ական պատգամավորներից շատերը:

Տեսանյութեր

Լրահոս