
«Սևոլ» լաստանավի կործանման հետևանքով զոհվածների քանակը հասել է 193-ի

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի ափերի մոտ խորտակված «Սևոլ» ուղևորատար լաստանավի կործանման հետևանքով զոհերի քանակը հասել է մինչև 193 մարդու: Եվս 109 մարդու ճակատագիրը մնում է անհայտ: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի առափնյա պաշտպանության ներկայացուցիչը:
«Սևոլ» լաստանավը, որի վրա գտնվել է 476 մարդ, ապրիլի 16-ին կործանվել է Հարավային Կորեայի հարավ-արևմտյան ծովափի մոտ: Տվյալ գործով հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է մի քանի մարդ՝ ներառյալ նավապետը: Վերջինիս այժմ սպառնում է ցմահ ազատազրկում, քանի որ նա առաջիններից մեկն է լքել խորտակվող նավը՝ ձևանալով որպես ուղևոր:
Բացի այդ, նավի ուղևորները բողոքել են, որ նավի խորտակման ժամանակ նավի անձնակազմը չի ձեռնարկել մարդկանց տարհանելու անհրաժեշտ միջոցներ և փոխարենը միայն ուղևորներին կոչ է արել մնալ իրենց տեղերում:
Հիշեցնենք, որ սրանից առաջ «Սևոլի» խորտակման կապակցությամբ հրաժարական էր տվել Հարավային Կորեայի վարչապետը: