
Ապրիլի 30-ն իսկական փորձություն կհանդիսանա Իրաքի ուժային կառույցների համար

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի ուժային բոլոր կառույցներն անվտանգության խոշոր միջոցառումներ են ձեռնարկում ապրիլի 30-ին նշանակված Ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարան) ընտրությունների շեմին:
Քվեարկության օրն իսկական փորձություն կհանդիսանա բանակի, ոստիկանության, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում կառավարական ուժերին աջակցող սուննի «Աս-Սահվա» աշխարհազորայինների միացյալ ուժերի համար:
Երեկ Բաղդադի արևելքում տեղի ունեցած պայթյուններից մեկի հետևանքով զոհվել է 6 և վիրավորվել է 33 մարդ: Սիրիային սահմանակից Անբար նահանգը ներկայումս Իրաքի ամենավտանգավոր շրջաններից մեկն է, քանի որ Սիրիայում գործող զինյալները հաճախ են հատում սահմանը և մարտեր մղում դրա երկու կողմում:
Իրաքում խորհրդարանական ընտրություններ առաջին անգամ են անցկացվում երկրից ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո: Ներկայացուցիչների խորհուրդն ունի 328 մանդատ, որոնց հավակնում է 9039 թեկնածու:
Քվեարկելու իրավունք ունի ավելի քան 20 միլիոն մարդ: Իրաքում բացվելու է ավելի քան 48.000 ընտրատեղամաս: Ընտրված պատգամավորներն իրենց հերթին պետք է որոշեն, թե ով է ղեկավարելու երկիրը: Նրանք պետք է ընտրեն վարչապետին ու նախագահին: