Քննարկել են գյուղտեխնիկայի, պարարտանյութի և սերմացուի վերաբերյալ հարցերը

Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու գյուղատնտեսական և համապետական շաբաթօրյակների աշխատանքների ընթացքը:

Գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը սկզբում ներկայացրել է գարնանացանի աշխատանքների արդյունքներն ու խնդիրները: Ըստ նրա՝ նախորդ տարվա համեմատ 2014 թ.-ին մոտ 3 տոկոսով ավելի հողատարածք է հերկվել գարնանացանի համար: Ա. Խաչատրյանը տեղեկացրել է, որ գյուղտեխնիկայի քանակն ընդհանուր առմամբ բավարարում է ընթացիկ աշխատանքներին, իսկ սերմացուների ու պարարտանյութերի պահանջվող ծավալն առկա է, բացառությամբ ազոտական պարարտանյութի, որի մատակարարման ուղղությամբ որոշ խնդիրներ են ծագել:

Վարչապետը, անդրադառնալով աշնանացան մշակաբույսերի ցանքի ժամանակացույցին, նշել է, որ նախորդ տարի ևս նկատվել են ուշացումներ՝ հանձնարարելով այս տարվա բերքահավաքին զուգահեռ պատրաստվել աշնանացանի աշխատանքներին: Ա. Հարությունյանը հանձնարարել է նաև թարմացնել հերկի տրակտորների և կոմբայնների հայտերը և այս տարվա ընթացքում ավարտել դրանց մատակարարումը, որպեսզի հաջորդ տարի ընդհանրապես խնդիրներ չծագեն գյուղտեխնիկայի քանակի հետ կապված:

Քննարկելով ապրիլի 7-ից մայիսի 9-ը կազմակերպվող համապետական շաբաթօրյակների աշխատանքների ընթացքը՝ կառավարության ղեկավարը դժգոհություն է հայտնել դրանց արդյունքներից, մատնացույց անելով գլխավոր մայրուղիների ոչ ցանկալի վիճակը: Վարչապետ Ա. Հարությունյանը տեղեկացրել է, որ մայրուղիների սանմաքրման աշխատանքներն այսուհետև կատարվելու են շրջանների վարչակազմերի լիազորությունների շրջանակներում, ինչի ֆինանսավորման համար հանձնարարել է դրանց ղեկավարներին համապատասխան հայտեր ներկայացնել:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս