Ստեփան Սաֆարյան. Ես կողմ եմ, որ ԱԺ նախկին ղեկավարի հայտարարությունը մեկնաբանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը

«Ես կողմ եմ, որ նախկին կառավարության ներկայացրած օրինագծերին կողմ քվեարկած խորհրդարանական մեծամասնության և Ազգային ժողովի նախկին ղեկավարի հայտարարությունը մեկնաբանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօրվա հայտարարությունը` կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ:

«Հիշեցնում եմ, որ 2011-ի վերջին Հովիկ Աբրահամյանը և խորհրդարանական ողջ մեծամասնությունը կողմ են քվեարկել այն օրենքներին, որոնք ներկայացրել է նախկին վարչապետի կառավարությունը, և մենք ժամանակին անվանել ենք հակասահմանադրական: Հիմա ես ուզում եմ հասկանալ` ինչի՞ն է կողմ և ինչի՞ն է դեմ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երբ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կողմ է եղել»,- ավելացրեց Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ս.թ. ապրիլի 28-ին Ազգային ժողովին կներկայացվի օրինագիծ, որով դե ֆակտո կասեցվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի «պարտադիր» բաղադրիչը: Իսկ հայտարարության վերջում Հովիկ Աբրահամյանն ավելացրել է. Ուզում եմ բոլորին ասել, որ ես էլ եմ դեմ.
– Դե՛մ եմ, որ որևէ մեկը որևէ հարցով խախտի ՀՀ սահմանադրությունը,
– Դե՛մ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումներն այս ձևով կյանքի կոչվեն,
– Դե՛մ եմ, որ մեր քաղաքացիների մոտ որևէ հարց բաց կամ չպարզաբանված մնա,
– Դե՛մ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների նման կարևոր ծրագրում որևէ շահառու խմբի ձայն չլսված մնա: Դեմ եմ: Բայց, որ ավելի կարևոր է՝ ես կողմ եմ: Կողմ եմ կենսաթոշակային բարեփոխումների ամենաարդյունավետ ու ընդունելի ճանապարհ գտնելուն ու կողմ եմ՝ այն համատեղ իրականացնելուն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս