Էներգետիկ հարցերում Ադրբեջանը որպես հիմք պետք է վերցնի 3 գործոն. Մորնինգսթար
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Բաքվում հայտարարել է, որ «Շահ Դենիզ 2»-ի շուրջ ներդրումային համաձայնագրի ստորագրումը չպետք է համարել աշխատանքների ավարտ, և որ դեռ սպասվում են մեծ գործեր.
«Ադրբեջանն այժմ իր ուշադրությունը պետք է հատկացնի Կասպիցում նոր հանքավայրերի փնտրտուքին: Միջազգային գործընկերները հանդիսանում են կարևոր գործոն նոր նախագծերի իրագործման և նոր հանքավայրերի հայտնաբերման հարցերում:
Այդ մասին է վկայում «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նախագծի հաջողությունները: Էներգետիկ հարցերում Ադրբեջանը որպես հիմք պետք է վերցնի 3 գործոն: 1) Նոր նախագծերում ընտրվող ընկերությունները պետք է ստանան Ադրբեջանի կառավարության աջակցությունը:
Բացի այդ, տվյալ ընկերությունները պետք է ստանան իրենց կառավարության աջակցությունն ու Ադրբեջանին օգնեն դուրս գալ միջազգային շուկա: 2) Նոր նախագծերում կան նաև տեխնիկական հարցեր, որպեսզի միջազգային ընկերությունները հնարավորություն ստանան օգտվելու ժամանակակից տեխնիկայից:
3) Այդ նախագծերը բավական թանկարժեք են, ինչի համար էլ տվյալ հարցում անհրաժեշտ է միջազգային գործընկերություն: Հուսով եմ, որ Ադրբեջանը նոր նախագծերում կներգրավի ամերիկյան ու մյուս երկրների ընկերություններին»: