Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանի դրամական միջոցներն աճել են ավելի քան 70 միլիոն դոլարով

ԲՀԿ նախագահ, Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն անցած տարի ձեռք է բերել TOYOTA LAND CRUISER մակնիշի 2 ավտոմեքենա, յուրաքանչյուրը՝ 18 մլն 270 հազար դրամ: Ծառուկյանն արդեն ուներ 7 ավտոմեքենա (BMW X -5, Տոյոտա Պրադո V-6, Ջիպ Վրանգլեր P 6-4.0, Ռոլլս-Ոոյս B 12-6.7, Նիսան Պատրուլ, Ռոլլս-Ռոյս կուպե ֆանտոմ, Ռենջ Ռովեր սպորտ 4.4): Բարձրաստիճան պաշտոնատար անձնանց էթիկայի հանձնաժողով ներկայացված նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ ԲՀԿ նախագահը 2013 թ-ին 4 մլրդ 865 մլն դրամով ձեռք է բերել և նույն գնով էլ վաճառել է հասարակական շինություն, նաև վաճառել է 100 մլն դրամ արժողությամբ մի հողամաս:

Բանկում Գագիկ Ծառուկյանի խնայողությունները զգալի աճել են: Տարվա վերջում նա հայտարարագրել է 25 մլրդ 873.9 մլն դրամ՝ տարվա սկզբի 307.6 մլն դրամի դիմաց, 41 մլն 360 հազար ԱՄՆ դոլար՝ տարվա սկզբի 31.3 մլն դոլարի դիմաց, 23 մլն 366 հազար եվրո՝ տարվա սկզբի 22 մլն 70 հազար եվրոյի դիմաց: Այսպիսով, Ծառուկյանի դրամական միջոցներն ավելացել են ընդհանուր առմամբ 30 միլիարդ դրամով կամ մոտ 73 միլիոն դոլարով։

Տարվա ընթացքում Ծառուկյանի եկամուտը կազմել է 1 մլրդ 885 մլն դրամ, որից 2 մլն 982 հազար դրամը նրա աշխատավարձն է, 1 մլրդ 320 մլն դրամը՝ շահաբաժինը, 562 մլն դրամը նա վարկ է վերցրել, իսկ մնացածը փոխառություններից ստացված տոկոսն է: Ծառուկյանը փոխառություններից ստացել է նաև 4 մլն 499.9 հազար դոլար, գույքի օտարումից ՝ 872.9 հազար դոլար, այլ եկամուտներ՝ 19 մլն 999.9 հազար դոլար և 150 հազար եվրո, իսկ բնամթերքով նրա ստացած եկամուտները գերազանցել են 4 մլրդ 982 մլն դրամը:

Գագիկ Ծառուկյանը 10 մլրդ 294 մլն դրամով ձեռք է բերել նոր արժեթղթեր, նաև 10 մլրդ 201 մլն դրամով ավելացրել է ձեռնարկություններից մեկում իր բաժնեմասը՝ այն դարձնելով 29 մլրդ 718 մլն դրամ: Նա բազմաթիվ պարտապանների փախառություններ է տվել թե´ դրամով, թե´ դոլարով և թե´ եվրոյով, մասնավորապես՝ դրամային փոխառությունները գերազանցում են 24 մլրդ 718 մլն դրամը, 6 մլն 435 հազար դոլարը, 17 մլն 643 հազար եվրոն:

Կարդացեք նաև

Ծառուկյանի մնացած ունեցվածքը էթիկայի հանձնաժողովը փակել է հետաքրքրասեր հասարակության աչքերից և չի հրապարակել: Սակայն հիշում ենք, որ անցած տարի թանկարժեք գույք բաժնում նա հայտարարագրել էր 8 ննջարանի և 2 ճաշասենյակի կահույք` 811 հազ. 750 եվրո ընդհանուր արժողությամբ, նաև տղամարդու ադամանդե քարով 3 ոսկե մատանի` 4 մլն 700 հազ. դոլար ընդհանուր արժողությամբ, 3 ձեռքի ժամացույց, որոնց ընդհանուր արժեքը` 1 մլն 300 հազ. դոլար է: Ծառուկյանը 33 ընկերությունում բաժնեմաս էր հայտարարագրել, որոնցից «Մուլտի գրուպ» կոնցեռնում, «Մուլտի գրուպ Սթոուն» ՓԲԸ-ում, «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ում, «Բելլեզզա» ՍՊԸ-ում, «Կոտայք» գարեջրի գործարանում, «Մուլտի Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ում, «Հոթել Ռիգա» ՍՊԸ-ում, «Միրա Ջի» ՍՊԸ-ում ներդրման չափը 100% էր:

Գագիկ Ծառուկյանի տիկնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի կարողությունը զգալի զիջում է ամուսնու ունեցած-չունեցածին: Բանկում տիկին Ծառուկյանի դրամային միջոցները տարվա ընթացքում նվազել են 5 մլն դրամով և տարվա վերջում կազմել 25 մլն 357 հազար դրամ, բայց ավելացել է դոլարային հաշիվ՝ 31 հազար դոլար գումարով:

Ջավահիր Ծառուկյանն ունեցել է այլ եկամուտներ՝ 10 մլրդ 201.9 դրամ և 700 հազար դոլար:

Տիկին Ծառուկյանը, ինչպես և իր ամուսինը, 10 մլրդ 201 մլն դրամով ձեռք է բերել նոր արժեթղթեր և, արդեն ունեցած բաժնեմասն ավելացնելով, այն հասցրել է 29 մլրդ 718 մլն դրամի: Նա փոխառության է հանձնել 310 հազար եվրո, որից 15 հազարը վերադարձվել է, և տարվա վերջում տիկին Ծառուկյանի տված փոխառության չափը կազմել է 160 հազար եվրո:

Տարօրինակ է, բայց տիկին Ծառուկյանը տարվա ընթացքում մոտ 8.5 մլն դրամով ձեռք է բերել սպասք, որը սակայն տարվա վերջում առկա չի եղել: Ըստ երևույթին, Ջավահիր Ծառուկյանն այն նվիրել է ինչ-որ մեկին:

Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է նաև իր դստրերից մեկի՝ Անահիտ Ծառուկյանի գույքի ևեկամուտների հայտարարագիրը, որտեղ լրացված է միայն եկամուտի բաժինը: Ըստ այդմ՝ նա 2013 թ-ին ունեցել է 32 հազար 506 դրամ և 72 հազար դոլար այլ եկամուտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս