
Աֆղանստանում հաշվարկել են քվեների մոտ 50 տոկոսը. առաջատարը նախկին արտգործնախարարն է

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Աֆղանստանի նախկին արտգործնախարար Աբդուլլահ Աբդուլլահը շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերն ապրիլի 5-ին երկրում անցկացված նախագահական ընտրություններում: Սակայն հաղթանակի հասնելու համար նրան չի բավականացնում ձայների մեծամասնությունը:
Այս մասին հայտարարել է Աֆղանստանի Անկախ ընտրական հանձնաժողովը: Վերջինիս հաղորդմամբ` ներկա դրությամբ հաշվարկված է 34 նահանգի քվեաթերթիկների մոտ 50 տոկոսը, և այդ տվյալներով, Աբդուլլահն առջևում է` 44.4 տոկոսով:
Երկրորդ տեղում է Աֆղանստանի ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանի Ահմադզայը` 33.2 տոկոս: Նախագահական ընտրություններին մասնակցել է 8 թեկնածու, ինչը չի վերաբերում գործող նախագահ Համիդ Քարզային, քանի որ Սահմանադրության համաձայն, նա իրավունք չունի առաջադրվելու երրորդ անգամ: