Մոսոյին սպանել են Ծաղիկ Ռուբոյի օբյեկտո՞ւմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործը գնալով աղմկահարույց է դառնում։ Նախաքննական մարմինը փորձում է ապացուցել, որ այս սպանության հետևանքով հետագայում սպանված Մովսես Ներսիսյանի դիակը Իսրայել Սարգսյանը նետել է Քանաքեռավան գյուղի կոյուղու դիտահորերից մեկը։ Դրանից հետո դին կորել Է։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Երևանի կենտրոնում՝ Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում տեղի է ունեցել 42-ամյա Արթուր Սաֆարյանի՝ քրեական հեղինակություն Թևոսի եղբոր սպանությունը։ Ըստ Ոստիկանության՝ եղել են օպերատիվ տվյալներ, որ սպանությունը, հնարավոր է, կատարած լինեն Իսրայել Սարգսյանը, Տիգրան Ասատրյանը և Մովսես Ներսիսյանը, ում հայտնաբերել չէր հաջողվել։

Քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը։ Այնուհետև Իսրայել Սարգսյանը, իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով, սպանել է Մովսես Ներսիսյանին, ում դիակն այժմ հայտնաբերել չի հաջողվում։

Armlur. am հետ զրույցում մեղադրյալ Տիգրան Ասատրյանի շահերի պաշտպան Վարդուհի Էլբակ յանը զարմանք հայտնեց, թե ինչպես կարող է տեղեկատվություն տարածվել, թե իր պաշտպանյալը կդատապարտվի մոտ 15 տարվա, իսկ Իսրայել Սարգսյանը՝ ցմահ ազատազրկման։

«Ի սկզբանե նախաքննական մարմինը տարածել է ինֆորմացիա, որ իբրև Իսրայել Սարգսյանն սպանել է Մովսես Ներսիսյանին և տարել գցել է Քանաքեռավանի դիտահորը։ Բայց և՛ ես, և՛ Իսոյի պաշտպան Գայանե Գալոյանը բազմիցս ասել ենք, որ սպանություն չի եղել հաստատ, և Մոսոյին պետք է փնտրել ողջերի մեջ, ոչ թե մեռածների։ Իսկ նախաքննությունն այս գործի մասով ընդհանրապես գաղտնի չի ընթանում, քանի որ նախաքննական մարմիններն այնքան ինֆորմացիա տվեցին, ինչ-որ կադրեր, որ նույնիսկ չենք հասկանում՝ ովքեր են, բայց մեզ՝ որպես պաշտպաններ, դեռևս ոչ մի ապացույց չի ներկայացվել»,- ֊ասաց Էլբակյանը։

Այդուհանդերձ, Armlur. am –ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահներն ընկել են այն հետքի վրա, որ Մովսես Ներսիսյանը՝ Մոսոն, Իսրայել Սարգսյանի՝ Իսոյի հետ իր մեքենայով գնացել է Աժ պատգամավոր Ռուբեն Գևորգյանին (Ծաղիկ Ռուբո) պատկանող Զովունիում գտնվող սաունա։

Նշենք, որ դե ֆակտո պատգամավորին պատկանող այս օբյեկտի յուրաքանչյուր առանձնասենյակ ունի առանձին մուտք՝ առանձին համարակալված դարպասով։ Սրանք սարքված են այնպես, որ ելումուտ անողների «գաղտնիությունն» ապահովված լինի։ Այսինքն՝ հստակ որեն մեկը չի կարող ասել, թե հեռակառավարվող դարպասներից ներս մտնող մեքենայից քանիսը ներս մտան, քանիսը՝ դուրս եկան։

Սաունայի սեփականատեր Ռուբեն Գևորգյանը news.am–ին բնականաբար հերքել էր, որ «ես նման սեփականություն չունեմ, կարող եք նայել իմ կողմից ներկայացված հայտարարագրերում»։ Բայց մյուս կողմից՝շտապել էր արդարանալ, թե «ոչ մի հյուրանոցային համալիրի տեր երաշխիք չունի, որ իր համալիրի սենյակներում տեղի չեն ունենա տարաբնույթ դեպքեր և հանցագործություններ»։

Ինչպես Armlur. am -ին հաջողվեց պարզել համալիրի մոտակայքում արված հարցուփորձից, Իսոն Մոսոյի հետ գնացել է սաունա, սակայն դուրս է եկել միայնակ։ Նա, ըստ ամենայնի, սպանել է Մոսոյին, հետո փորձել լվանալ սաունայում մնացած արյան հետքերը, սակայն պատերը մաքրել չի հասցրել։ Եվ ահա սաունայի պատերին արյան կետիկներ են մնացել, ու այդ հետքերով էլ իրավապահները լրջագույն եզրահանգումներ են արել։

Ըստ նույն աղբյուրից ստացված տեղեկության՝ սպանելուց հետո հետքերը վերջնականապես վերացնելու համար, Իսոն Մոսոյի դիակը տեղափոխել է Քանաքեռավան և նետել կոյուղու դիտահորերից մեկը։ Ինչպես հայտնի է, կոյուղում գերակշռում է գազի քանակությունը, իսկ դա հանգեցնում է յուրաքանչյուր կենդանու կամ առարկայի քայքայման։

Armlur. am -ի տեղեկություններով՝ հենց դա է պատճառը, որ դին մինչ օրս չի հայտնաբերվում։ Ավելին, մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ իրավապահներն ու փրկարարները կոյուղու խողովակի մեջ հատուկ սարքավորումներով կենդանիներ և այլ առարկաներ են գցել, որպեսզի հասկանան, թե ինչ կլինի։ Սակայն շատ չանցած կենդանիները քայքայվել եւ անհետացել են։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս