Արմեն Մարտիրոսյանի արձագանքը` ՀՅԴ-ի հայտարարությանը. «Թույլ իշխանության հետ որևէ մեկը չի ուզում գործ ունենալ»

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի այսօրվա հայտարարությանը, որ Դաշնակցությունը մաս չի կազմելու իշխանական կոալիցիային, ասաց, որ ինքը դեռ երեկ է դրա մասին տեղեկացել դաշնակցական գործընկերներից` քառյակի խորհրդակցության ժամանակ:

Հարցին՝ արդյոք Դաշնակցության այս որոշումն ինչ-որ առումով վկայո՞ւմ է իշխանության թույլ լինելու մասին, նա պատասխանեց. «Նաև, բայց, իմ կարծիքով, խոսքն ավելի շատ ընդդիմության կողմից իշխանությանը չհավատալու մասին է: Եվ, վերջապես, կարծում եմ` ներքաղաքական ճգնաժամին, որը խորացել էր նախորդ տարվա նախագահական կեղծված ընտրություններից հետո,  գումարվեց նաև ներիշխանական ճգնաժամը: Այս խնդիրների լավագույն և միակ ճանապարհը արտահերթ ընտրություններն են»:

Մենք նաև հետաքրքրվեցինք` միգուցե Դաշնակցությանը, որը մինչ օրս չէր բացառում նոր կառավարության մաս կազմելը, ի վերջո, չե՞ն գոհացրել իշխանության առաջարկները, այդ պատճառով է ՀՅԴ-ն այսպիսի որոշում կայացրել:

«Նույնիսկ եթե առաջարկները գոհացնեին, պարզ է, որ թույլ իշխանության հետ որևէ մեկը չի ուզում գործ ունենալ»,- արձագանքեց Արմեն Մարտիրոսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս